Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։ Նշվում է, որ ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ առնվազն վեց զինծառայող, խոսվում էր նաև մեծ թվով գերիների մասին։ Մասնավորապես, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալներով, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Բացի այդ, դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների թարմացրած քարտեզի համաձայն Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը վերահսկվում էին ռուսների կողմից, սակայն հաջորդ օրն այն փոփոխվել էր և քարտեզից անհետացել էին այդ տեղանքում ռուսական դիտակետերը։

Հադրութի այս գյուղերը, նոյեմբերի 10-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն, մնում էին հայկական կողմի վերահսկողության տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *