Արցախում մարտերը սկսվել են դեկտեմբերի 11-ից և շարունակվում են առ այսօր. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել ՊԲ վեց զինծառայող: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Այս մասին ասված է դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։ Նաև շեշտվում է, որ պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 12-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձի արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ երեք պահեստազորայիններ։

Նույն օրը ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարում է, թե իբրև Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) զինվորականները Հադրութի շրջանում իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն և ՊԱԾ-ն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է ադրբեջանցի 4 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *