Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալներով, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ մեծ հավանականությամբ ստորաբաժանումը երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:
Նրա խոսքով`իրավապահ մարմինները պետք է արագ և խիստ քննեն միջադեպը և պարզեն բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:
«ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- գրել է նա։
Դեկտեմբերի 16-ի առավոտյան Պաշտպանության բանակը հաստատել էր, որ Հին Թաղեր և Խծաբերդ ուղղությամբ մի խումբ հայ զինծառայողների հետ կապը կորել է, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թեև նոյեմբերի լույս 10-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությամբ այդ գյուղերը հայկական կողմին էին մնալու, դրանք դեկտեմբերի 12-ին գրոհով գրավել էին ադրբեջանցիները։
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում ադրբեջանցի զինծառայողները, ցույց տալով հայկական բանակի մի խումբ զինծառայողների, նշում են, որ նրանց գերեվարել են։