Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին. «Լուրեր»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, այդ թվում՝ օգոստոսին Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանին:

Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Հետագայում Ադրբեջանի ՊՆ֊ն Ալավերդյանին փորձեց ներկայացնել իբրև դիվերսանտի: Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։

Ներկայումս Գուրգեն Ալավերդյանից բացի Ադրբեջանում պահվում են Նարեկ Սարդարյանը, ով Նախիջևանում էր հայտնվել այս տարվա հուլիսին, Կարեն Ղազարյանը, ով Ադրբեջանում էր հայտնվել 2019-ի հուլիսին, և բեմադրված դատավարությամբ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, Արայիկ Ղազարյանը, ով Ադրբեջանում հայտնվել էր 2019-ի օգոստոսին: 2014-ին Ադրբեջանում էր հայտնվել Արսեն Բաղդասարյանը, ով կրկին դատական բեմադրությամբ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *