Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու»

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե քաղաքացիների «փիքափ» տեսակի ամենագնաց մեքենաները ճանապարհային ոստիկանությունը առգրավվել է պլանային տեխզննումներ անցկացնելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։

ՆԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի 2006թ․ ընդունված «ռազմական տրանսպորտային միջոցների հաշվառման կանոնների» մասին օրենքին, որտեղ նշվում է, որ ռազմական տրանսպորտային միջոցները նախապես հաշվառվում են՝ ներառյալ մեքենաների և դրանց տիրոջ բոլոր տվյալները, իսկ ռազմական դրության ու մոբիլիզացիայի ժամանակ քաղաքացիները զինված ուժերին են ներկայացնում իրենց մեքենաները և դրա փոխարեն ստանում են տեղեկանք այն մասին, որ իրենց մեքենան առգրավվել է պետության կողմից։

Փաստացի՝ ՆԳՆ֊ն հաստատում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիների «փիքափ» մեքենաներն առգրավվում էին։ Նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրվա ընթացքում ՃՈ֊ն մի քանի քաղաքացուց առգրավել է իրենց ամենագնաց մեքենաներն ու պատճառաբանել, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։

Հեբիբ Աբդուլլաևի հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են ամենագնաց մեքենաները
Հեբիբ Աբդուլլաևի հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են ամենագնաց մեքենաները

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Հիշեցնենք, որ երեկվանից էլ Ադրբեջանում սկսվել է նաև պահեստազորայինների հավաքագրում՝ մարտական վերապատրաստումներ ու ստուգումներ անցնելու նպատակով։ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ սրանք պլանային վերապատրաստումներ են, զորքը պետք է մարտական պատրաստություն անցնի։ Սեպտեմբերի 19-ին երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *