Իսրայելի բանակին հանձնարարվել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում դաշտային հոսպիտալ կառուցել

Սեպտեմբերի 21-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երկրի զինված ուժերի բժշկական կորպուսին հանձնարարել է անմիջապես դաշտային հոսպիտալի կառուցման աշխատանքներ սկսել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Այս մասին հայտնում է իսրայելական The Jerusalem Post լրատվակայքը։ Նշվում է, որ դաշտային հոսպիտալը նախատեսված է լինելու շուրջ 200 հիվանդի սպասարկման համար։

Իսրայելի ՊՆ-ն հանձնարարել է հոսպիտալը սպասարկման հանձնել մի քանի շաբաթվա ընթացքում՝ ձմեռային սեզոնին սպասվող վարակի ալիքին ընդառաջ։ Բացի այդ՝ բանակին հանձնարարվել է հետագայում համապետական «լոքդաունի» երկարաձգման դեպքում պատրաստվել ոստիկանությանն աջակցելուն։

Նշենք, որ համավարակի սկզբնական փուլում՝ մարտի 15-ին, Իսրայելի վարչապետը և առողջապահության նախարարությունը ներքին անվտանգության և հակահետախուզության «Շաբաք» գործակալությանը առաջարկել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում օգտագործել հակաահաբեկչական պայքարի վերահսկողության թվային տեխնոլոգիաներ:

Սեպտեմբերի 22-ի տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է COVID-19-ի վարակման 192 579, մահվան՝ 1.273 դեպք, ապաքինվել է 140.743 անձ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *