ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն բանակցում են F-35 կործանիչների վաճառքի շուրջ. Reuters

Միացյալ Նահանգներն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նպատակ ունեն մինչև այս տարվա դեկտեմբեր նախնական համաձայնություն ձեռք բերել F-35 կործանիչներ վաճառքի շուրջ։

Այս մասին, իր վստահելի աղբյուրներին հղում անելով, հայտնում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ գործարքը պետք է համապատասխանի Իսրայելի հետ ամերիկյան համաձայնագրին, ըստ որի՝ տարածաշրջանին վաճառված ԱՄՆ ցանկացած զենք չպետք է սպառնա Իսրայելի որակական ռազմական առավելությանը, երաշխավորելով՝ որ Իսրայելին մատակարարված ԱՄՆ զենքը «հնարավորություններով գերազանցում է» հարևան այլ երկրներին վաճառված զենքին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Վաշինգտոնն ուսումնասիրում է F-35-ներն իսրայելական ռադարային համակարգերի համար առավել տեսանելի դարձնելու ուղիները: Սակայն աղբյուրը դժվարանում է նշել, թե դա կկատարվի ինքնաթիռը փոխելով, թե Իսրայելին ավելի լավ ռադարներ տրամադրելով:

Նշենք, որ վերոհիշյալ ամերիկա-իսրայելական համաձայնագրի պատճառով արաբական երկրներին մինչ օրս F-35 չի մատակարարվել, իսկ Իսրայելի զինանոցում առկա է 24 միավոր կործանիչ։

Հավելենք, որ Սպիտակ տանը սեպտեմբերի 15- ին՝ նախքան ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի ստորագրումը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում ԱՄԷ-ին F-35-ներ վաճառելու մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *