Ադրբեջանում Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել

Օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Քրգործերի հարուցման մասին օգոստոսի 25-ին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը։

Առաջադրված հոդվածներն են․

  • «ագրեսիվ պատերազմի վարում»;
  • «լրտեսություն»;
  • «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»;
  • «հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»;
  • «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։

Իբրև իրենց պնդումներին ապացույց Ադրբեջանի ՊՆ-ն հաջորդ օրը մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակեց նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Հիշեցնենք, որ ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի դեմ ևս առաջադրել էին մեղադրանքներ և բեմադրել դատավարություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *