Աշխատանք է տարվում Թուրքիային Ս-400-ի 2-րդ հնարավոր խմբաքանակի մատակարարման համար. Ռոստեխ

2019թ. Ռուսաստանն իրականացրել է Թուրքիայի հետ ստորագրված 2,5 մլրդ դոլար արժեցող գործարքով նախատեսված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այժմ աշխատանքներ են տարվում Թուրքիայի ՀՕՊ համակարգերի երկրորդ հնարավոր խմբաքանակի մատակարարման համար։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որպես նախորդող տարվա հաշվետվություն, հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Չեմեզովը նաև հայտարարել է, որ Թուրքիային Ս-400-ների վաճառքն առաջին այդ մասշտաբի գործարքն է ՆԱՏՕ անդամ երկրի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ երկու երկրների միջև երկրորդ խմբաքանակի համար կա «սկզբունքային համաձայնություն»։ Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային նախատեսում է նաև համատեղ արտադրական տեխնոլոգիաների տրամադրում։

Ս-400-ները Թուրքիայում
Ս-400-ները Թուրքիայում

Հավելենք, որ Ս-400-ների գնման պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսի 12-ից սկսած։ Կարևոր է նշել, որ կնքված պայմանագիրը համատեղ արտադրություն չէր նախատեսում, թեպետ գործարքի հենց սկզբից միայն թուրքական կողմը հայտարարում էր, որ կա նաև համատեղ արտադրության շուրջ պայմանավորվածություն։ Թուրքիան դրանով փորձում է ապահովել տեղական հեռահար ՀՕՊ համակարգի արտադրության զարգացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *