Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում, այդ պատճառով Գերմանիան բացի ռազմածովային ուժերում գործածվող արտադրանքից այլ զենք չի վաճառում Թուրքիային։
Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։ Արտգործնախարար Մաասը հավելել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ Գերմանիայի նման վերաբերմունքը բավական լուրջ քայլ է։
Նշենք, որ ռազմատեխնիկական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների խնդիրները սկսվել են 2016 թ․ հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո: Միայն 2016 թ. նոյեմբերից սկսած Գերմանիայի կառավարությունը մերժել է Թուրքիային զենք վաճառելու 11 առանձին գործարք:
Թուրքիայում մարդու իրավունքների խիստ խախտումներով պայմանավորված՝ 2017 թ․ Գերմանիան որոշ բացառություններով դադարեցրել է խոշոր սպառազինության արտահանումը Թուրքիա։
2018 թ․ Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների պատճառով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բունդեսթագում (խորհրդարան) ներկայացրել էր Թուրքիային զենքի վաճառքն արգելող նախագիծ, որն ընդունվել էր 2019 թ․։ Բացի այդ դադարեցվել էր Թուրքիայի ԶՈւ գերմանական Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Իսկ 2019 թ․ հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո Գերմանիան հայտարարել է զենքի արտահանումը էլ ավելի խստացնելու մասին։
Չնայած այս որոշումներին, վերջին տարիներին Գերմանիան համարվում է Թուրքիային ամենաշատը զենք վաճառող երկրներից մեկը։ Մասնավորապես, 2018 թ․ Թուրքիան Գերմանիայից գնել է 242,8 մլն եվրո արժողությամբ ռազմարդյունաբերական արտադրանք, ինչը 3 անգամ ավել էր 2017 թ․ համեմատությամբ։ Իսկ 2019 թ․ այդ գումարը հասել է 344,6 մլն եվրոյի։