Թուրքիայում տեղական ՀՕՊ-երը դրվել են սերիական արտադրության

Թուրքական ցածր հեռահարության «Հիսար Ա» ՀՕՊ համակարգերը դրվել են սերիական արտադրության, իսկ միջին հեռահարության «Հիսար Օ»-ի արտադրության համար առկա են անհրաժեշտ պահեստամասերը։

Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտնել է Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։ Նա հայտարարել է, թե միջին հեռահարության «Հիսար-Օ»-երի մասին դեռ մանրամասն տվյալներ չի կարող հայտնել, քանի որ գործընթացն առայժմ գաղտնի է։

Հիշեցնենք, որ նախատեսվում էր «Հիսար֊Ա» համակարգերը տեղակայել թուրք-սիրիական սահմանի մոտ։ Ցածր հեռահարության թուրքական համակարգերը նախատեսում են զինված ուժերին մատակարարել 2021թ։ Այս համակարգերի սերիական արտադրության դնելու մասին հայտարարվեց փետրվարին, սակայն հետաքրքիր էր, որ դեռ 2019թ. նոյեմբերին հայտարարվել էր, թե դրանք արդեն պատրաստ են, սակայն գործընթացներն, ամենայն հավանականությամբ, հետաձգվել էին։

Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգ» նախագծի շրջանակներում։ ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»

Բացի «Հիսար Ա»֊ից, արտադրվել է նաև միջին հեռահարության «Հիսար Օ» ՀՕՊ համակարգը, որի խոցման առավելագույն հեռավորությունը 25 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *