Իրանում մահապատժի կենթարկեն գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել դեռ 2018թ. հոկտեմբերից բանտարկված Մահմուդ Մուսավի Մաժդ անունով անձի, ով մեղադրվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզություններին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման և դրա նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տալու մեջ։

Այս մասին հայտնում է The Guardian լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլիին։

Նշվում է, որ Մահմուդը կանխիկ գումարի դիմաց տեղեկություններ է տվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին, սակայն ավելի ուշ արված հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ ամենն արվել է նախքան Սոլեյմանիի սպանությունը, հետևաբար նա ուղիղ կապ չի ունեցել գեներալի սպանության գործողության հետ։

Հիշեցնենք, որ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին սպանվեց հունվարի 3-ի կեսգիշերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից։ Իսկ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ԻՀՊԿ֊ն, որպես Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազայի։

Դրանից ժամեր անց՝ առավոտյան Թեհրանում կործանվեց ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռ, որն, ինչպես ավելի ուշ պարզվեց, խոցվել էր իրանական ՀՕՊ֊ի հրթիռից, քանի որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Իրանում կարծել են, որ ինքնաթիռն ամերիկյան է և մոտենում է ԻՀՊԿ ռազմական օբյեկտներից մեկին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *