ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ԱՄՆ֊ն շարունակում է անհանգստանալ Թուրքիայի ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամաբ և դրանց հնարավոր գործարկմամբ։

Այս մասին հայտնել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը, փոխանցում է ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Փալմերի՝ ԱՄՆ֊ն շարունակում է ուսումնասիրել ռուսական համակարգերի գնման պատճառով ամերիկյան «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Փալմերը նշել է, որ թուրք֊ամերիկյան բանակցություններն այս խնդրի շուրջ դեռևս շարունակվում են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ֊ն ռուս-թուրքական գործարքի սկզբից (2017թ. դեկտեմբեր) դեմ են արտահայտվել դրան, իսկ գործարքի իրականացմանը զուգընթաց ԱՄՆ֊ն սկսեց սպառնալ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։

Ամերիկյան պատժամիջոցները ռուսական այդ համակարգերի գնման համար նախատեսվում են CAATSA–ի 231–րդ բաժնով, ըստ որի՝ «ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանի հետախուզական կամ պաշտպանական ոլորտների հետ որևէ կապ ունեցող անձի հետ գործարքի մեջ մտած անձի / մարմնի նկատմամբ կիրառել օրենքի 235–րդ բաժնում ներկայացված պատժամիջոցներից հինգը կամ ավելին»։ Ռուսաստանյան նշված ոլորտների կառույցների ցուցակում Ս–400 ՀՕՊ համակարգն արտադրող «Ալմազ–Անտեյ» ընկերությունը երկրորդն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *