[Թարմացված] Սիրիական Իդլիբում պայթյունից թուրք զինծառայողներ են վիրավորվել

Սիրիական Իդլիբ քաղաքի Մ4 մայրուղու վրա նախօրոք տեղադրված ռումբեր են պայթել Թուրքիայի զինված ուժերին պատկանող շարասյան անցնելու ժամանակ։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնցից մի մասի վիճակը ծանր է։

Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր Ahval լրատվակայքը՝ հղում անելով թուրքական DHA գործակալությանը։

[Թարմացում] Թուրքական Sözcü թերթը հայտնում է 1 զինծառայողի մահվան մասին։ Ըստ բաց աղբյուրների՝ նա լեյտենանտ Ջանբերթ Թաթարն է (Canbert Tatar)։ [Թարմացում]

Աղբյուրը նշում է, որ սոցցանցերի որոշ օգտատերեր հայտնում են ծանր վիրավորներին տեղափոխելու համար այդ շրջան մեկնած Թուրքիայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռի մասին։

Համացանցում տարածված տեսանյութերից մեկը, որում, ըստ նկարագրության, երևում է պայթյունի պահը։

Թեև ըստ աղբյուրի՝ համացանցում պնդումներ կան, թե պայթյունը ռուսական ավիահարվածների արդյունք է, սակայն այս պնդման վերաբերյալ ո՛չ ռուսական, ո՛չ էլ թուրքական կողմից մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ փետրվարին Իդլիբ նահանգում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների և Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ մարտի 15-ից Մ4 մայրուղու երկայնքով պարեկություն են իրականացնում ռուս-թուրքական ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *