«Ռոստեխ» ընկերությունը ռուսական զինված ուժերին է մատակարարել «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հրետանային համալիրի առաջին խմբաքանակը։
Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ զենքի հավաքակազմը ներառում է նաև հեռակառավարվող կայանքներ՝ «Կորդ» գնդացիրով: Աղբյուրի հաղորդմամբ՝ նորագույն «Կոալիցիա-ՍՎ»-ների փորձարկումները կավարտվեն 2022 թվականին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զինված ուժերին այս համակարգերի 10 միավոր փորձնական տարբերակ մատակարարելու պայմանագիրը կնքել էր 2017 թ. սեպտեմբերի 4-ին։
152 մմ տրամաչափի «Կոալիցիա-ՍՎ»-ն, համաձայն արտադրող կողմի տվյալների, նախատեսված է հրետանային և ականանետային մարտկոցների, տանկերի և այլ զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների, կենդանի ուժի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցների, ղեկավարման կետերի, դաշտային ամրաշինական կառույցների ոչնչացման համար:
Համակարգը նախագծվել է «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտական հետազոտական ինստիտուտում՝ 2000-ական թթ. սկզբին: Համակարգի առանձին մասերի փորձարկումները նույնպես սկսվել են 2000-ականների սկզբին: «Կոալիցիա-ՍՎ»-ի առաջին նախատիպերը հավաքվել են 2013 թ., ցուցադրվել՝ 2015 թ. զորահանդեսում՝ Կարմիր հրապարակում։