Թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների ստեղծմանը ներգրավված են օտարերկրյա ընկերություններ

Թուրքիայում նախատեսում են, որ հնարավոր բացասական սցենարների դեպքում (եթե չհաջողվի ստեղծել տեղական շարժիչներ), տեղական արտադրության «Ալթայ» տանկերի միայն շարժիչները կլինեն ոչ թուրքական:

Այս մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը մայիսի 7-ին տեսակապով հայտնել է C4Defence թուրքական մասնագիտացված կայքին:

Անդրադառնալով «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության հետ կապված խնդիրներին՝ ՊԱԳՎ պետը հայտնել է, որ արտադրական աշխատանքները, որոնցում ներգրավված են նաև օտարերկրյա ընկերություններ, դրական են ընթանում: ՊԱԳՎ պետը նշել է, որ մի երկրի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն չի հայտնել, թե որ երկրի:

Հարկ է նշել, որ թուրքական տանկի արտադրության հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց շարժիչների արտադրությունը: Մի քանի անգամ տապալվել են այլ երկրներից ներմուծելու տարբերակները, ինչպես նաև հենց Թուրքիայում դրանց արտադրության ծրագրերը:

Ուշագրավ է, որ նախկինում հայտարարվել էր, որ ամենայն հավանականությամբ տեղական տանկերն արտադրվելու էին թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության դուստր ձեռնարկություն BMC Power-ի տեղական արտադրության շարժիչներով, որոնց միայն նախատիպերն ընկերությունը նախատեսում է ներկայացնել 39 ամսից (~3,5 տարի)։

Հավելենք, որ 2018 թ. նոյեմբերի 9-ին ՊԱԳՎ և BMC ընկերության միջև ստորագրվել է «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիր։ BMC ընկերության նախագահ Էթհեմ Սանջաքը պայմանագրի ստորագրման միջոցառմանը հայտարարել էր, որ թե՛ ՊԱԳՎ-ի, թե՛ Թուրքիայի զինված ուժերի պայմանն է եղել ստեղծել 100 տոկոս տեղական արտադրության տանկեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *