Թուրքիան «Ալթայ» տանկերը կարտադրի թուրքական BMC ընկերության հետ

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիր։

Այս մասին հայտնել է ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը։

Նշվում է, որ առայժմ նախատեսվում է 250 միավոր տանկի արտադրություն։ Առաջին «Ալթայ» տանկը նախատեսվում է Թուրքիայի ցամաքային ուժերին մատակարարել 2020թ․՝ 18 ամիս անց։

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսում նշվում է, որ BMC ընկերության նախագահ Էթհեմ Սանջակը պայմանագրի ստորագրման միջոցառմանը հայտարարել է՝ թե՛ ՊԱԳՎ–ի, թե՛ Թուրքիայի զինված ուժերի պայմանն է եղել ստեղծել 100 տոկոս տեղական արտադրության տանկեր։

Ամենայն հավանականությամբ տանկերը զանգվածային արտադրության կդրվեն BMC ընկերության դուստր ձեռնարկություն BMC Power-ի  տեղական արտադրության շարժիչներով, որոնց միայն նախատիպերը ընկերությունը նախատեսում է ներկայացնել 68 ամսից (~5,5 տարի)։

2018թ․ հունիսին ընկերությունը սկսել է «Ալթայ» տանկերի համար ուժային խմբի ստեղծման ծրագիրը։ Նախատեսվում է այս տանկերի համար ստեղծել 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչներ։ Ծրագրի ավարտից հետո միայն ՊԱԳՎ-ի հետ քննարկվելու է սերիական արտադրությունը։

Ընկերությունը այս տարվա սեպտեմբերին SAHA expo 2018 ցուցահանդեսին ներկայացրել է բեռնատարների համար նախատեսված տեղական շարժիչները․

Քանի որ նախատեսվում է տանկերը արտադրել բացառապես տեղական արտադրության մասերով, թուրքական կողմը դադարեցրել է համագործակցությունը նաև գերմանական Rheinmetall ընկերության հետ:

Սակայն ուշագրավ է, որ ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը նշել է, որ տանկի առաջին նախատիպը կունենա արտասահմանյան շարժիչ, իսկ ամբողջությամբ տեղական արտադրությունը նախատեսված է հետագայում։ Թե արտասահմանյան որ ընկերության շարժիչը կլինի դա, չի նշվում։

Այսինքն՝ 18 ամիս անց ներկայացվող առաջին «Ալթայ» տանկը լինելու է արտասահմանյան շարժիչով, իսկ թե երբ կլինեն տեղական արտադրության շարժիչներով տանկերը, դեռևս անհայտ է։ Իսկ հավանական շարժիչների նախատիպերը պատրաստ կլինեն լավագույն դեպքում 5-5,5 տարում։

Նշենք, որ «Ալթայ» տանկերի արտադրության համար 2007թ․ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր էր կնքել թուրքական «Օթոքար» ռազմարդյունաբերական ընկերության հետ։ Սակայն 2017թ․ հունիսին նախարարությունը չեղարկեց «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Նշվում էր, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշել են նոր մրցույթ հայտարարել:

Մինչ այդ՝ 2017 թ. փետրվարի 24-ին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

«Ալթայ» տանկի նախագիծը հիմնված է հարավկորեական K2 Black Panther տանկի լուծումների վրա։ Հարավկորեական տարբերակի շարժիչն արտադրում է գերմանական MTU ընկերությունը: «Ալթայ» տանկի համար ևս փորձ արվեց համագործակցել MTU ընկերության հետ, սակայն արդյունքում ստեղծվեց միայն տանկի 4 նախատիպ։ Այս համագործակցությունը չեղարկվեց, քանի որ MTU-ն, ինչպես նաև այլ գերմանական ընկերություններ, պետք է հետևեն, որ տանկերը հետագայում չհայտնվեն զենքի վաճառքի էմբարգոյի գերմանական ցուցակի երկրներում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում:

Տանկերի արտադրությունը սկսելու հիմնական խնդիրը շարժիչի հարցն էր, որի արտադրության համար դիմել էին հինգ ընկերություններ․

  • BMC զրահատեխնիկա արտադրող ընկերությունը,
  • Figes Fizik սիմուլյատորներ արտադրող ընկերությունը,
  • Ստամբուլի նավաշինական գործարանը,
  • TAI ավիաշինական ընկերությունը,
  • «Թյումոսան» շարժիչաշինական ընկերությունը:

One response to “Թուրքիան «Ալթայ» տանկերը կարտադրի թուրքական BMC ընկերության հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *