Ռուսական բանակում 44 կին գնդապետ կա․ Շոյգու

Ռուսաստանի զինված ուժերում այս պահին ծառայում է ավելի քան 41 հազար կին զինծառայող։ Նրանցից 4 հազարը սպաներ են, որոնցից 44-ը գնդապետ։ 30 հազարից ավելին ծառայում է «շարքայինների և սերժանտների» հաստիքներով, շուրջ 7 հազարը ունի ենթասպայի և միչմանի կոչում։ Թվերը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Գեներալի խոսքով՝ աճում է նաև ռազմական ուսումնական հաստատություններում (ռուհ) աղջիկների համար հաստիքների մեկ տեղի մրցույթը։ Անցած տարի մեկ տեղի համար 27 դիմում է եղել, ինչը գերազանցում է երիտասարդ տղաների համար նախատեսված հաստիքների մրցույթը։ Այս պահին Ռուսաստանի ռուհերում մոտ 1150 կին կուրսանտ է սովորում։

Անցած տարի ծառայության մեջ հաջողությունների համար Ռուսաստանում պետական պարգևների է արժանացել 128 կին զինծառայող (24-ը՝ մարտական)։

Աշխարհի տարբեր երկրներում մեծացնում են զինված ուժերում կանանց ներգրավվածության ծավալները։ Օրինակ՝ Ռուսաստանում և Ճապոնիայում կանանց թույլ են տվել ծառայել տանկային, իսկ Բրիտանիայում՝ հատուկ նշանակության SAS և մարտական գործողություններ իրականացնող բոլոր ստորաբաժանումներում։ Նախանցած տարվանից էլ կործանիչի վրա Ճապոնիայում և Հնդկաստանում ծառայության անցան առաջին կին օդաչուները, իսկ շուտով թույլ կտան նաև Ռուսաստանում։

Օրերս նաև հայտարարվեց, որ Ռուսաստանում մեկական կին կուրսանտներ են սովորում գրոհային և հեռահար ավիացիայի վրա, 7-ը՝ կործանիչ ավիացիայի, 36-ը՝ ռազմատրանսպորտային։

2018 թվականից էլ ձևավորվեց և Կոսովո ծառայության մեկնեց հայ կին խաղաղապահների առաջին դասակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *