Թուրքիայի ԶՈւ-ն Իդլիբում երեք կորուստ ունի. ՊՆ

Մարտի 3-ին, Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Թուրքիայի զինված ուժերի սկսած «Գարնանային վահան» (“Bahar kalkanı”) գործողության շրջանակներում, ընդհանուր սպանվել է 3, վիրավորվել՝ 15 թուրք զինծառայող։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Մարտի 3-ին սպանվածներից մեկը հետևակի սերժանտ Քադիր Թունջարն է։

Հիշեցնենք, որ ևս մեկ վիրավոր և մեկ սպանված Թուրքիայի զինված ուժերն ունեցել էին մարտի 2-ին։ Սպանվել էր Թուրքիայի զինված ուժերի հետևակի սերժանտ Մուստաֆա Մուհամմեդ Աքը (Mustafa Muhammed Ak)։ 

Իդլիբում իրավիճակը սրվել է փետրվարի սկզբից, երբ Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ սկսեցին երկրի հյուսիսարևմտյան շրջաններն ու հատկապես Իդլիբի նահանգն ազատագրել ընդդիմադիր զինյալներից, որոնց աջակցում է Թուրքիան։

Մի քանի բնակավայր գրավելուց հետո կառավարական ուժերն առաջ անցան 2017թ․ մայիսի Աստանայի համաձայնագրով Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից՝ նրանց թողնելով թիկունքում, ինչից հետո Թուրքիան սկսեց սպառնալ Սիրիայում նոր գործողություն սկսելով։

Փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ հետ ռազմական գործողություն սկսեցին կառավարական ուժերի դեմ և կարողացան գրավել նախ Նայրաբ բնակավայրն, այնուհետև Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում տեղակայված Սարաքիբ բնակավայրը։

Դրությունը հատկապես լարվեց փետրվարի 27-ից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերի ավիացիոն հարվածներից սպանվեց 33 և վիրավորվեց 32 թուրք զինծառայող (պաշտոնական տվյալներ)։

Այժմ Սիրիայի բանակը կարողացել է հետ գրավել Սարաքիբ բնակավայրը։

Մարտի 5-ին սպասվում է Սիրիայում իրավիճակի շուրջ Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *