Ռուսաստանում 1-ին անգամ կին օդաչուներին թույլ կտան թռչել կործանիչներով

Ռուսաստանում զինվորական համապատասխան պատրաստություն անցած կին օդաչուները առաջին անգամ կհավակնեն ծառայություն անցնել յուրաքանչյուր տիպի ավիացիայում, այդ թվում՝ կործանիչային։

Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրեյ Յուդինը։

Ռուսաստանում կին ռազմական օդաչուներ պատրաստելու որոշումը կայացվել է 2017-ին պաշտպանության նախարարի մակարդակով։ Այդ նպատակով ռազմաօդային ուսումնական կենտրոնում հատկացվել էր 16 տեղ։ Սակայն այն ժամանակ նախատեսվում էր, որ կանայք ծառայության կնշանակվեն միայն տրանսպորտային ավիացիայի ոլորտում։

Աշխարհի տարբեր երկրներում մեծացնում են զինված ուժերում կանանց ներգրավվածության ծավալները։ Օրինակ՝ Ռուսաստանում և Ճապոնիայում կանանց թույլ են տվել ծառայել տանկային, իսկ Բրիտանիայում՝ հատուկ նշանակության SAS և մարտական գործողություններ իրականացնող բոլոր ստորաբաժանումներում։ Անցած տարի էլ կործանիչի վրա Ճապոնիայում և Հնդկաստանում ծառայության անցան առաջին կին օդաչուները։

Իսկ Միացյալ Նահանգներում կանանց թույլատրվել է ռազմական ավիացիայով թռիչքներ անել 1990-ականներից։

Նկարի հեղինակ՝ Валерий Качаев


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *