Թուրքամետ ուժերն Իդլիբում ռազմական գործողություն են սկսել

Փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի զինված ուժերի հետ նոր ռազմագործողություն են սկսել սիրիական Իդլիբի շրջանում։ Տվյալների համադրությամբ՝ կարելի է ենթադրել, որ գործողությունները ընթանում են Նայրաբ բնակավայրի մոտ:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ղեկավար Ֆեհիմ Իսան, սակայն առայժմ պաշտոնական հայտարարություններ չկան։

Իսկ թուրքական «ՏՌՏ» հեռուստաընկերությունը գրում է, որ գործողությունը սկսել են Սիրիայի ընդդիմադիրներն ու իրենց ուժերը մտել են Նայրաբ, որն, ըստ աղբյուրի, փետրվարի 3-ին գրավել էր Սիրիայի բանակը։ Թվիթերում նաև հրապարակվել են տեսանյութեր Նայրաբի շրջանում թուրքական գործողություններից: Նշենք, որ տեսանյութերի իսկությունը մեզ համար դեռևս հայտնի չէ:

https://twitter.com/tntreports/status/1230465198970064898?s=21

Սիրիայում իրավիճակի մշտադիտարկմամբ զբաղվող Syrian Civil War Map հարթակն իր թվիթերյան էջում գրում է, որ «բոլոր կողմերը պնդում են, թե հաղթել են Նայրաբում, սակայն այս պահին հստակ տեղեկություններ չկան»։

Թվիթերում նաև շրջանառվում են տեղեկություններ, թե Նայրաբ շրջանում խոցվել է ռուսական ինքնաթիռ: Այս տեղեկությունը դեռևս ունի ընդամենը մեկ աղբյուր, և ոչ մի կերպ հաստատված չէ:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարելով, որ ռուս֊թուրքական բանակցություններն անարդյունք են եղել, սպառնաց Իդլիբում նոր ռազմագործողություն սկսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *