Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իդլիբում նոր ռազմագործողություն սկսել և հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անարդյունք են անցել։
Այս մասին Էրդողանը հայտարարել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում։ Էրդողանի խոսքերը փոխանցում է թուրքական «ՏՌՏ» լրատվական գործակալությունը։
«Թուրքիան Իդլիբի հարցում իր գործողության ծրագրերի շուրջ ցանկացած պատրաստություն տեսել է։ Ինչպես ամեն գործողության ժամանակ ենք ասում, «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Ավելի հստակ ձևակերպմամբ՝ Իդլիբում գործողությունը մի ակնթարթի հարց է»,֊հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը հավելել է, որ թուրքական կողմը շարունակելու է գործողությունները, քանի դեռ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբի համաձայնագրով նախատեսված տարածքներից դուրս չեն եկել։ Ըստ Էրդողանի՝ Իդլիբը չի մնալու «Սիրիայի ռեժիմին և նրա աջակիցներին» ու վերածվելու է «Թուրքիայի և տարածաշրջանի ժողովրդի համար անվտանգ մի վայրի»։
Նշենք, որ փետրվարի 17-18-ը Թուրքիայում և Ռուսաստանում բանակցություններ էին ռուսական ու թուրքական կողմերի միջև, սակայն երեկ բանակցություններից հետո որևէ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։
Այսօր բանակցություններին արձագանքել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Մոսկվան ու Անկարան վերջնական համաձայնության չեն կարողացել գալ, սակայն, ըստ Լավրովի, ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները ցանկացած, այդ թվում նաև՝ բարձր մակարդակով։
Լավրովը նաև նշել է, որ ահաբեկիչներին որևէ մեկը չի խոստացել, թե Իդլիբում իրենց ձեռք չեն տա։
«Կարդացեք ՌԴ ու Թուրքիայի նախագահների պայմանավորվածություններն ու ամեն ինչ իր տեղը կընկնի»,֊ասել է ՌԴ արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ 2017թ․ մայիսին Աստանայում որպես Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորներ հանդես եկող Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի բանակացությունների արդյունքում որոշվել էր սիրիական Իդլիբ նահանգը բաժանել հատվածների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պետք է վերահսկողությունն իր վրա վերցներ: