Հայաստանում տեղակայված 102–րդ բազան շարունակում է վարժանքները

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի ավիացիոն ստորաբաժանումները այսօր՝ փետրվարի 20–ին, վարժանքների ընթացքում բարձր լեռնային գոտուց «էվակուացրել են» պայմանական վիրավորներին։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Գործողություններին ներգրավվել են Մի–8ՄՏԲ տրանսպորտային և Մի–24Պ հարվածային ուղղաթիռներ։ Վարժանքները պլանային են, որոնց այս փուլը սկսվել է փետրվարի 4–ին և տևելու է մինչև մարտի 10–ը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներին պլանավորված է 1000 զինծառայողի մասնակցություն և 200 միավոր զինտեխնիկայի ներգրավվածություն՝ այդ թվում ՄիԳ–29 կործանիչներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 7–ին ռազմաբազայի տանկային ստորաբաժանումներն էին դուրս եկել վարժանքների, իսկ փետրվարի 10–ին՝ հետախույզները։

Մի–24 և Մի–8 ուղղաթիռների ցուցադրական թռիչք
Մի–24 և Մի–8 ուղղաթիռների ցուցադրական թռիչք

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի հարավում, Կովկասյան տարածքներում, Ղրիմում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում։ Ռազմական շրջանը իր գործուն մասնակցությունն ունի սիրիական պատերազմում։ Այս ռազմական շրջանին են ենթարկվում նաև ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *