Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Իդլիբում համատեղ պարեկության հարցը․ Reuters

Թուրք֊ռուսական բանակցություններն այնքան էլ անարդյունք չեն անցել, դրանցում կա առաջընթաց, սակայն ոչ վերջնական արդյունք։ Թուրքիան ու Ռուսաստանն այժմ բանակցում են սիրիական Իդլիբում համատեղ պարեկային գործողություններ անցկացնելու շուրջ։

Այս մասին գրում է միջազգային «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով թուրք անանուն պաշտոնյայի։

«Ռուսական կողմը պնդել է իր այն տեսակետը, որ Թուրքիան պետք է դուրս գա Իդլիբից ու էվակուացնի նաև իր դիտակետերը։ Իդլիբից դուրս գալը և դիտակետերն էվակուացնելն օրակարգում չկա»,֊ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքական «Քիրփի» զրահամեքենաները շարժվում են դեպի սիրիական Իդլիբ
Թուրքական «Քիրփի» զրահամեքենաները շարժվում են դեպի սիրիական Իդլիբ

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև մի քանի տարբերակ է քննարկվել, որոնց մեջ է նաև Իդլիբում հնարավոր պարեկային գործողություններ անցկացնելը։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-18 թուրք֊ռուսական ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ ընթացան Սիրիայի Իդլիբի շրջանում իրավիճակի կարգավորման շուրջ, սակայն բանակցությունների հաջորդ օրը հայտարարվեց, որ դրանք որևէ արդյունք չեն տվել։

Ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց Իդլիբում նոր գործողություն սկսել ու հայտարարեց, որ «Իդլիբը չի մնալու Սիրիայի ռեժիմին ու նրա աջակիցներին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *