Ճնճղուկնե՞ր են արդյոք Սու-30ՍՄ-երը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչների գնման գործարքը։ Razm.info-ն անդրադառնում է պարոն Բագրատյանի հնչեցրած փաստարկներին։

Գրառման բովանդակությունից ակնհայտ է, որ պարոն Բագրատյանը բավականին մակերեսային է պատկերացնում ժամանակակից կործանիչ ավիացիայի հնարավորությունները, խնդիրները։ Այսպես, օրինակ՝ նա և գրառման մեջ, և գրառման մեկնաբանություններում ծավալված բանավեճում մի քանի անգամ ընդգծում է «կործանիչ» բառը և հարց բարձրացնում, թե այդ ի՞նչ են կործանելու Սու-30ՍՄ-երը։

Հայերենում «կործանիչ» բառը ռուսերեն «истребитель» բառի պատճենումն է, քանի որ մեր ռազմական տերմինաբանությունը սերում է ռուսականից։ «Истребитель» անվանումը 20-րդ դարասկզբին այդ դասի ինքնաթիռները ստացել են, քանի որ նրանց խնդիրն էր օդային մարտում թշնամու ինքնաթիռների ոչնչացումը, կործանումը։ Սակայն դա 20-րդ դարի առաջին կեսի իրողություն էր։ Նույն դարի երկրորդ կեսից կործանիչ ավիացիայի գործառույթները սկսեցին ընդլայնվել ու առանձնացան կործանիչների ենթադասեր ” կալանիչ-կործանիչներ (истребитель-перехватчик), ռմբակոծիչ-կործանիչներ (истребитель-бомбардировщик), ռազմաճակատային կործանիչներ (фронтовые истребители) ևն։

Կործանիչ ավիացիայի «նոր մասնագիտությունների» յուրացման այս գործընթացի վերջնարդյունքը եղավ երկնքում բազմաֆունկցիոնալ կործանիչների (многофункциональный истребитель) հայտնվելը։ Սրանք, ինչպես դժվար չէ ենթադրել անվանումից, նախատեսված են շատ ավելի լայն սպեկտրի խնդիրների լուծման համար, քան զուտ թշնամու ինքնաթիռներ ոչնչացնելը։ Ուստի զուտ «կործանիչ» բառից ելնելով այս դասի ինքնաթիռների վերաբերյալ ինչ-որ դատողություններ անելը սխալ է։ Անհրաժեշտ է նայել, թե ինչ ֆունկցիոնալություն է տրամադրում կոնկրետ զինատեսակը։ Առաջ անցնելով պատասխանենք նաև պարոն Բագրատյանի հարցին, թե ինչ է կործանելու Սու-30ՍՄ-ը։ Եթե կարճ՝ այդ ինքնաթիռը ի վիճակի է կործանել գրեթե ամեն ինչ և՛ օդում, և՛ ցամաքում։

Ի դեպ, հպանցիկ նշենք, որ անգլերենում կործանիչները ստացել են «fighter», այսինքն՝ «մարտիկ» անվանումը։ Պատճառը նույնն է․ ի սկզբանե այդ ինքնաթիռները նախատեսված էին օդային մարտի համար․ օդային մարտիկներ էին։ Ու եթե մեր ռազմական տերմինաբանությունը ծագեր ոչ թե ռուսական, այլ ամերիկյան տերմինաբանությունից, արդյո՞ք մենք հիմա այդ զինատեսակի գնման նպատակահարմարության հարցում քննարկելու էինք «մարտիկ» բառը։

Անցնենք առաջ։ Պարոն Բագրատյանը պնդում է, որ Սու-30ՍՄ կործանիչներ «ոչ նոր են» ու «4+ տեխնոլոգիայով» են։

Նախ՝ Սու-30ՍՄ-երն ամենաժամանակակից ու ամենալավ կործանիչներից են, ավելին՝ ծանր կործանիչների դասում նաև կոմերցիոն ամենահաջողակ մեքենաներն են։ Իսկ ֆինանսական և քաղաքական պատճառներով մեզ հասանելի ինքնաթիռներից լավագույնն են։ Մեր համար հնարավոր այլընտրանքներն են ռուսական/խորհրդային ՄիԳ-29, ՄիԳ-29ՍՄՏ, ՄիԳ-35, Սու-27, Սու-30Մ2, Սու-35Ս, չինական FC-1, J-11 ինքնաթիռները։ Նշված տարբերակներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին կարելի է համեմատել և համոզվել, որ օպտիմալ տարբերակը հենց Սու-30ՍՄ-ն է։

Բացի այդ չկա նաև «4+ տեխնոլոգիա» հասկացություն։ Կա ռեակտիվ կործանիչների սերունդ հասկացություն։ Այս պահին դրանք 5-ն են։

Առաջին սերունդը 1940–50թթ․ ստեղծված մեքենաներն են, որոնք բավականին հասարակ էին, հիմնականում զինված էին ավիացիոն հրանոթներով, ունեին պարզագույն սարքավորումներ և մինչձայնային արագություն, չունեին ռադարներ։

Երկրորդ սերնդի ինքնաթիռների ժամանակշրջանն է 1950–60թթ․։ Այս ինքնաթիռներն արդեն հիմնականում զինվում էին պարզագույն հրթիռներով, ունեին պարզագույն ռադարներ, ֆորսաժի ժամանակ կարող էին գերազանցել ձայնի արագությունը։

Երրորդ սերնդի ինքնաթիռների ժամանակաշրջանն ընդգրկում է 1960–80թթ․։ Այս ինքնաթիռներն արդեն լիարժեք գերձայնային ինքնաթիռներ էին, զինված էին ժամանակակից ռադարներով ու կապի միջոցներով, կարող էին կիրառել ոչ միայն փոքր, այլև միջին ու մեծ հեռահարության հրթիռներ։

Չորրորդ սերնդի ինքնաթիռների ժամանակաշրջանը ընդգրկում է 1970-ականներից մինչև մեր օրերը։ Այս սերնդի մեքենաներն աչքի են ընկնում ավելի լավ աերոդինամիկայով, զարգացած էլեկտրոնիկայով, արդիականացման մեծ պոտենցիալով։ Առհասարակ ռեակտիվ կործանիչների այս սերունդն ամենաերկարակյացն է ու նրան բաժին հասան ռազմական ու գիտատեխնիկական մտքի աննկարագրելի փոփոխություններ։ Ու այդ փոփոխությունները հանգեցրել են ոչ միայն ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունների աճի, այլև փոխել են դրանց կիրառման փիլիսոփայությունը։ Այս սերնդի տարբեր ինքնաթիռների միջև տարբերություններն այնքան ահռելի են, որ անհրաժեշտություն առաջացավ այն տրոհել ենթասերունդների։ Այդպես ի հայտ եկան 4, 4+ և 4++ ենթասերունդները։ Ու եթե 4-րդ սերնդի առաջին մեքենաները դեռ նեղ մասնագիտացված ինքնաթիռներ էին, ապա 4++ սերնդի մեքենաներն՝ արտաքնապես քիչ տարբերվելով իրենց նախատիպերից, դարձել են բազմաֆունկցիոնալ և ի վիճակի են լուծել խնդիրների չափազանց լայն շրջանակ՝ հետախուզական, զորքերի կառավարման, ՀՕՊ ճնշման, ցամաքային թիրախների խոցման ևն, և, իհարկե, օդային մարտի։

Վերջապես, կործանիչների հինգերորդ սերնդի դարաշրջանը, որը սկսվել է մոտ 2000-ական թվականներից։ Այս սերնդի կործանիչներն աչքի են ընկնում ցածր ռադիոլոկացիոն տեսանելիությամբ (այսպես կոչված՝ ստելս-տեխնոլոգիաներ), առաջադեմ, կարելի է ասել՝ գիտաֆանտաստիկ ֆիլմերից վերցրած ավիոնիկայով ու թանկ գնով։

Ընդգծենք, որ հինգերորդ սերնդի ի հայտ գալը դեռ չի նշանակում, որ չորրորդ սերնդի ինքնաթիռները հեռանում են թատերաբեմից։ Գործնականում բոլոր երկրներն էլ շարունակում են և՛ շահագործել, և՛ ձեռք բերել, և՛ արտադրել չորրորդ սերնդի կործանիչներ ու այդ ինքնաթիռները դեռ երկար ժամանակ կմնան ռազմաօդային ուժերի հիմնական ինքնաթիռներ, քանի որ հինգերորդ սերնդի ինքնաթիռները չափազանց թանկ են անգամ ԱՄՆ համար։

Վերադառնալով Հրանտ Բագրատյանի պնդմանը՝ ասենք, որ Սու-30ՍՄ կործանիչը 4++ սերնդի ինքնաթիռ է։ Իրականում Սու-30 անունը կրող տարբեր ինքնաթիռներ կան, ինչը որոշակի խառնաշփոթ կարող է առաջացնել։ Սու-30-ը մեկ ինքնաթիռ չէ, այլ՝ ինքնաթիռների ընտանիք, որի առանձին ներկայացուցիչներն իրարից էապես տարբերվում են։ Ուստի «վակուումում սֆերիկ Սու-30-ի» մասին խոսակցություններն անիմաստ են։ Անհրաժեշտ է միշտ կոնկրետացնել, թե հատկապես որ մոդելի մասին է խոսքը․ Սու-30, Սու-30Մ2, Սու-30ՄԿ, Սու-30ՍՄ ևն։ Մեր դեպքում խոսքը Սու-30ՍՄ տարբերակի մասին է, որն այս ընտանիքի լավագույն ներկայացուցիչն է։

Այժմ անդրադառնանք պարոն Բագրատյանի հնչեցրած այլ փաստերին՝ մասնավորապես ադրբեջանական զինանոցի մասին տվյալներին։ Նախ նշենք, որ ադրբեջանցիների զինանոցը թերագնահատելու որևէ նպատակ չունենք, ավելին՝ մենք ուշադիր հետևում ենք Ադբրեջանի սպառազինվելու գործընթացին և պարբերաբար անդրադառնում այդ խնդրին։

Բայց պարոն Բագրատյանի ներկայացրած թվերի կեսն իրականության հետ կապ չունեն։ Օրինակ՝ Ադրբեջանն ունի ոչ թե 2000 միավոր ԲՏՌ ու ԲՄՊ, ինչպես պնդում է Հրանտ Բագրատյանը, այլ՝ 870–900։ Իսկ եթե հարավաֆրիկյան Matador ու Mauruader զրահամեքենաներն էլ հաշվենք, ապա 1050–1080։ Ադրբեջանն ունի 52 մարտական ինքնաթիռ, ոչ թե 120, և ունի 127 ուղղաթիռ, ոչ թե 150։ Իրականությանը մոտ է նշված տանկերի քանակը 450 (մեր տվյալներով՝ 480–530), սակայն բոլոր Տ-72-ներն արդիականացնելու մասին պնդումը սխալ է։ Մյուս կողմից, պարոն Բագրատյանը թերագնահատել է ադրբեջանական հրետանին՝ նշելով 700 միավոր, մինչդեռ դրանց քանակը 850-900 է՝ չհաշված քարշակվող ականանետները։

Ամեն դեպքում սա շատ պատկառելի զինանոց է։ Սակայն այս փաստերի թվարկումը «ի՞նչ պիտի անեն սրանց դեմ 4 Սու-30-ը» հարցի կոնտեքստում արդեն կոռեկտ չէ, որովհետև կործանիչ ավիացիան մենակ չի գործելու։ Թշնամու նկատմամբ օդային գերազության հասնելու դեպքում կործանիչները ոչ միայն իրենք են հարվածներ հասցնում արդեն ցամաքային թիրախներին, այլև ապահովում են հենց ցամաքային զորքերի գործողությունների ավելի բարձր արդյունավետություն։ Ու հենց սա է ընկած Սու-30ՍՄ-երի գնման տրամաբանության հիմքում, ոչ թե զուտ այն, որ օդ բարձրանան, «ճնճղուկի պես» խփեն թշնամու ՄիԳ-29-երը ու վերջ։

Ի դեպ, անդրադառնանք նաև «ճնճղուկի պես» խփելու հարցին։ Այստեղ ևս պարոն Բագրատյանը սխալվում է, հավանաբար ելնելով Ղարաբաղյան պատերազմի փորձից, երբ մեր ՀՕՊ ուժերը բարեհաջող չեզոքացնում էին ադրբեջանական ավիացիան։ Ներկայումս իրավիճակն էականորեն փոխվել է։ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական ավիացիան գործում էր առավելապես անկախաբար, առանձին հարվածներ հասցնելու ու փախնելու տրամաբանությամբ։ Եթե հայկական ավիացիան էլ ապագա պատերազմում այդպես վարվի, իհարկե, կտապալվի։ Մինչդեռ լավ պատրաստված օդաչուներ ունենալու և գրագետ պլանավորված գործողությունների դեպքում ավիացիան կանխավ առավելություն ունի համեմատելի պատրաստվածության ցամաքային ՀՕՊ միջոցների նկատմամբ։ Գրագետ պլանավորված գործողությունները ենթադրում են համատեղ, կոմբինացված հարվածներ ավիացիոն, ցամաքային և կիբեր միջոցներով։

Եվ վերջապես անդրադառնանք 100 միլիոն դոլարն այլընտրանքային ուղղությունները զարգացնելուն ուղղելու հարցին։ Մասնավորապես Հրանտ Բագրատյանը նշում է 1․ ՀՕՊ-ի կատարելագործում, 2․ հրթիռային հրետանի, 3․ հակադրոնային ցանցային համակարգեր։ Սկզբունքորեն այլընտրանքային ուղղությունների հարցի բարձրացումը ողջամիտ է։ Այլընտրանքներ միշտ է պետք փնտրել ու առաջարկել թեկուզ այն բանի համար, որ ավելի լավ տարբերակի ի հայտ գալու դեպքում սկսենք աշխատել այդ տարբերակի ուղղությամբ։

Սակայն կոնկրետ այս նշված ուղղությունները գերադասելի չեն կործանիչ ավիացիայի նկատմամբ։ Օրինակ՝ ՀՕՊ միջոցները համեմատելի կամ նույնիսկ ավելի թանկ են, սակայն ի տարբերություն կործանիչ ավիացիայի, չեն կարող լուծել խնդիրների լայն շրջանակ։ Օրինակ՝ չեն կարող ճշգրիտ հարվածներ հասցնել ցամաքային թիրախների։

Կամ մեկ այլ օրինակ դիտարկենք։ Այսօր հրթիռային հրետանու դասական նմուշ է համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգը։ Մեկ Սու-30ՍՄ-ի գնով հնարավոր է գնել 2 «Սմերչ» համակարգ։ Սակայն «Սմերչն» իր տպավորիչ հզորությամբ հանդերձ ունի շատ լուրջ սահմանափակումներ․ ընդամենը 90կմ հեռահարություն ու 300–400մ հավանականային շեղում («հավանականային շեղում» տերմինը նշանակում է, որ  արձակված հրթիռները 50%-ը թիրախից կշեղվի մինչև 300–400մ, իսկ 50%-ը 400–800մ)։ Այս ցուցանիշները լավ են, եթե մենք ցանկանում ենք հարվածներ հասցնել շատ խոշոր օբյեկտների կամ բնակավայրերի։ Մնացած դեպքերում թշնամուն հասցված ռեալ վնասը չափազանց քիչ է ծախսված զինամթերքի համեմատ։

Սակայն Հրանտ Բագրատյանը ճիշտ է, որ ընդամենը 4 կործանիչը քիչ է։ Մեզ անհրաժեշտ է առնվազն ևս 4, իսկ ցանկալի է՝ 8 մեքենա՝ լիարժեք էսկադրիլիա կազմելու համար։ Ու լավ է, որ Պաշտպանության նախարարությունը պլանավորում է գնել լրացուցիչ կործանիչներ։

Ասվածը չի նշանակում, թե կործանիչների գնումը ռիսկեր չի պարունակում կամ այլ զորատեսակների պետք չէ ուշադրություն դարձնել։

Մեր դեպքում կործանիչ ավիացիայի հիմնական թերությունը օդանավակայաններում կայանված ժամանակ խոցելի լինելն է՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքի փոքրությունը և օդանավակայանների սակավությունը։ Այս հարցին ավելին մանրամասն անդրադարձել ենք «Հայկական զինուժի սպառազինության ձեռքբերման առաջնահերթությունները. վերլուծություն» հոդվածում։ Իսկ կարծանիչների գնի, սպասարկման ու հնարավորությունների մասին առավել մանրամասն անդրադարձել ենք «Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան» հոդվածում։

Այլ թերություններից է այն, որ նախկինում մենք չենք ունեցել կործանիչների շահագործման և կիրառման փորձ, անծանոթ ենք մարտավարությանը։ Սա, իհարկե, ժամանակի հետ կլուծվի։

Եվ վերջապես ռուսական ինքնաթիռների ավանդական խնդիր է շարժիչների ցածր ռեսուրսը և ժամանակ առ ժամանակ դրանց նորոգելու ու փոխելու անհրաժեշտությունը (միջինում համապատասխանաբար 4–5 տարին մեկ պետք է նորոգել, իսկ 10–15 տարին մեկ՝ փոխարինել)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *