Հայկական զինուժի սպառազինության ձեռքբերման առաջնահերթությունները. վերլուծություն

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին մոտ 20%-ով աճելու են, իսկ Հայաստանինը գրեթե նույնն են մնալու, քննադատության ալիք բարձրացավ կառավարության հասցեին։

Այդ քննադատությունն անարձագանք չմնաց. իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ ռազմական անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում և որ այդ ոլորտում զգալի առաջընթաց կա։ Այսպես օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին ֆրանսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»։

Վերջերս էլ «Հայկական ժամանակը», հղում անելով «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտին» (SIPRI), սենսացիոն վերնագրով լուր էր հրապարակել․ «Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը 2018-ին ամենաբարձրն են եղել Եվրոպայում. SIPRI»։ Իրականում խոսքը ՀՆԱ-ից անվտանգությանն ուղղվող ծախսերի տոկոսի մասին է, որը Հայաստանում ավանդաբար շատ բարձր է եղել։ Բացի այդ, Արցախ իր վերջին այցի ժամանակ էլ վարչապետն ասաց, որ «Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է»։

Վերադառնանք վարչապետի Ֆրանսիայում արված հայտարարությանը և փորձենք այն հասկանալ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «տեսանելի ժամանակաշրջան»։ Երբվանի՞ց հաշված։ Վերջիվերջո հենց Փաշինյանի իշխանությանն անմիջապես նախորդող ժամանակաշրջանում Հայաստանը շատ լուրջ ծավալով ռազմական գնումներ է կատարել ինչպես ռուսական վարկերի շրջանակում (ընդհանուր մոտ 300մլն դոլլար), այնպես էլ այլ միջոցների հաշվին, որոնցով ձեռք են բերվել, օրինակ՝ «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրները։ Ընդ որում՝ նախկին իշխանության օրոք կնքված այդ վարկային գործարքների մի մասի իրագործումը բաժին է ընկնում հենց Փաշինյանի իշխանության շրջանին, քանի որ խոսքը նոր սպառազինության մասին էր, որի արտադրությունը որոշակի ժամանակ է պահանջում։ Արդյո՞ք վարչապետը նկատի ունի նաև իրեն «ժառանգություն մնացած» այդ՝ ընթացքի մեջ գտնվող գործարքները, թե խոսքն իր իշխանության օրոք նոր կնքվածների մասին է։ Ցավոք՝ այս հարցի պատասխանը չունենք, իսկ բոլոր փորձերը հասկանալու, թե ինչ նկատի ուներ վարչապետը, օրինաչափորեն բախվելու են ռազմական և պետական գաղտնիքի մասին փաստարկին։

Իհարկե, սպառազինության վերաբերյալ կանխավ անստուգելի հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի նորամուծությունը չէ․ նմանատիպ հայտարարություններ նախորդ իշխանություններն էլ են արել և մինչև որոշակի սահման այդպիսի հայտարարություններն ընդունելի են, իսկ որոշ դեպքերում նաև արդարացված։ Մասնավորապես դրանք ադրբեջանցիների համար ավելացնում են այսպես կոչված «ռազմավարական անորոշությունը», երբ թշնամին չի կարող վստահ լինել, թե այդ հայտարարությունների տակ իրականում ինչ ծավալի մասին է խոսքը։

Բայց քանի որ Փաշինյանի կառավարությանն առաջին իսկ օրվանից քննադատում են անվտանգության հարցերով և չափազանցություն չի լինի ասելը, որ հենց այս դեպքում կանխավ անստուգելի հայտարարությունները նաև քննադատների «բերանը փակելու» միջոց են։

Իշխանություններն արդեն ցուցադրել են, որ բավականին հմուտ են ինքնագովազդի հարցում, ու կարելի է ենթադրել, որ այս հայտարարությունն էլ հերթական փիառ գործողության «հրետանային նախապատրաստություն է»։ Հիշեցնենք, որ առաջիկայում ակնկալվում է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը։ Տեղեկություններ կան նաև Տոռ-Մ2 և որոշ այլ զենիթահրթիռային համակարգերի գնման մասին։ Հանրությանը դրանք ներկայացնելով էլ ենթադրվում է երկարաժամկետ փակել անվտանգության թեմայով քննադատությունների թեման։

Դժվար է կանխատեսել այս ենթադրվող փիառ-գործողության փաստացի արդյունքները, սակայն օբյեկտիվ իրականությունն այն է, որ այդ իսկապես անհրաժեշտ գնումներով մեր անվտանգության մարտահրավերները չեն վերանում։ Կրկնում ենք․ և՛ Սու-30ՍՄ կործանիչները, և՛ Տոռ-Մ2 զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ գնումներ են, բայց բավարար չեն։ 

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը փաստացի առաջնորդվում է նախորդ իշխանության առաջնահերթությունով, այն է․ «բացառել լայնամասշտաբ, երկարատև պատերազմը»։ Դրան էին ուղղված նախկինում «Իսկանդերների», իսկ այժմ կործանիչների գնումները։ Ընդ որում՝ արձանագրենք, որ մենք առայժմ գնում ենք նվազագույն քանակով կործանիչներ․ ընդամենը 4 միավոր, մինչդեռ ավելի արդյունավետ օդուժ ունենալու համար մեզ առնվազն մեկ էսկադրիլիա, այսինքն՝ 12 ինքնաթիռ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է նաև շատացնել «Իսկանդերների» քանակը․ ինչպես մարտական մեքենաների, այնպես էլ՝ հրթիռների։

Միաժամանակ մարտավարական և օպերատիվ մակարդակներում՝ անմիջապես մարտադաշտում թշնամու հանդեպ անվիճելի գերակայության հասնելուն ուղղված շոշափելի (կամ ինչո՞ւ ոչ՝ հեղափոխական) քայլեր չեն կատարվում։ Հրետանու մոբիլության, ճշգրտության և հեռահարության բարձրացում, հրետանու կրակի կառավարման արդիականացմում, հակառակորդի զրահատեխնիկայի դեմ պայքարի ժամանակակից ու արդյունավետ միջոցների ձեռք բերում, մեր զրահատեխնիկայի պաշտպանվածության բարձրացում ևն… Սրանք փոքր մասն են այն անհրաժեշտ միջոցառումների, որոնք պիտի ձեռնարկվեն բուն մարտադաշտում առավելություն ապահովելու համար։

Մինչդեռ ռազմական բյուջեն ավելացնելու և այս խնդիրների լուծման փոխարեն կառավարությունը կատարում է բազմաթիվ, մեղմ ասած, տարակուսելի ծախսեր։ Օրինակ՝ կառավարական առանձնատան լրացուցիչ վերանորոգման համար ծախսված 2 միլիոն դոլլարով կարելի էր գնել մոտ 1000 միավոր «Մետիս-Մ1» կամ մոտ 500 միավոր «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռ։ Վարչապետի ծառայողական նոր զրահապատ «Մերսեդեսների» փոխարեն նույն գնով կարող էին ձեռք բերվել նույն թվով 122մմ «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր։

Կամ մեկ այլ օրինակ։ Մեր հաշվարկներով 2018թ․ ընթացքում պետական ապարատում պարգևավճարների վրա ծախսվել է ընդհանուր առմամբ առնվազն 23 միլիոն դոլլար (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մոտ այդքան է կազմում 2018թ․ պետական սեկտորում միջին աշխատավարձի տատանումը դեկտեմբեր ամսին, երբ հիմնականում պարգևավճարները բաժանվում են)։ Դատելով 2019թ․ սկանդալային մի շարք իրադարձություններից, ինչպես օրինակ՝ աշխատավարձերի գաղտնի բարձրացումն էր, այս տարի ևս այդ ծախսերը քիչ չեն լինելու։ Մինչդեռ այդ 23 միլիոն դոլլարով հնարավոր կլիներ գնել 300-700 միավոր կառավարվող հրետանային արկ։ Հենց այդքան է գնահատվում կառավարվող արկերի այն նվազագույն քանակը, որն այսօր անհրաժեշտ է մեր հրետանուն։ Դրանց առկայությունն անգամ կարճատև՝ 2016թ․ Ապրիլյանի կարգի, պատերազմում հնարավորություն կտա ծանր և անընդունելի վնաս հասցնել մարտական գործողությունների թատերաբեմում թշնամու ռազմական կարևորագույն օբյեկտներին։

Սակայն անգամ «ռազմավարական զսպման» կոնցեպցիայի շրջանակում բոլոր անհրաժեշտ քայլերը չէ, որ արվում են։ Այսպես օրինակ՝ Սու-30ՍՄ կործանիչների գնման հարցում առավել շատ մտահոգություն է առաջացնում այդ մեքենաների օդանավակայանում խոցվելու վտանգը՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքի փոքրությունն ու օդանավակայանների սակավությունը։ Փաստացի Հայաստանն այսօր ձեռք է բերում շատ թանկարժեք սպառազինություն, առանց դեռևս բավարար չափով զարգացնելու անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքը։ Խոսքն այստեղ լիարժեք, խոշոր ավիաբազաների կառուցման մասին չէ։ Դրա փոխարեն իմաստալից է ստեղծել փոքր աերոդրոմների ցանց, որոնցում կործանիչները կարող են վերալիցքավորվել ու նոր սպառազինություն վերցնել, վթարային վայրէջք կատարել ևն։ Ընդ որում՝ կարելի է այդ աերոդրոմների մի մասը քողարկել սովորական ճանապարհի անվան տակ, ինչն իհարկե, սահմանափակում է օրինակ՝ թռիչքուղու լայնությունը, բայց փոխարենը մեծացնում է ինքնաթիռները քողարկելու հնարավորությունը։ Այդպիսի ցանցը պատերազմին նախորդող սպառնալից շրջանում հնարավորություն կտա նաև ցրել մեր ռազմական ավիացիայի ուժերն այնպես, որ հնարավոր չլինի մեկ անսպասելի հարվածով ոչնչացնել մեր ինքնաթիռների մեծ մասը։ Մեր մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր այդպիսի աերոդրոմի համար կպահանջվի մոտ 2մլն դոլլար։

Այսպիսով, մեր կարծիքով կառավարությունը պիտի հրաժարվի անվտանգության հարցերում պիառ-գործողություններից և փոխարենը վերանայի առկա առաջնահերթություններն ի օգուտ սպառազինության, ռազմական պոտենցիալի ու ենթակառուցվածքների համակարգված, ծրագրային ու հավասարակշռված զարգացման։ Սա ենթադրում է ինչպես ռազմավարական զսպման սպառազինության («Իսկանդեր-Է», Սու-30ՍՄ) նոր խմբաքանակների, այնպես էլ մարտավարական և օպերատիվ մակարդակներում առավելություն ապահովող միջոցների  ձեռք բերում։

2 responses to “Հայկական զինուժի սպառազինության ձեռքբերման առաջնահերթությունները. վերլուծություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *