Հունվարի 7-ին Թուրքիայի զինված ուժերի 35 զինծառայող, հունվարի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունված բանաձևի շրջանակներում, մեկնել է Լիբիա՝ որպես օգնություն Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանը»։
Այս մասին հայտնել է BBC–ի թուրքական ծառայությունը, նշելով, որ 35 զինծառայող Լիբիա ուղարկվել է միայն առաջին փուլով, իսկ թե որքան կլինի ուղարկվելիք ամբողջ զորքի թիվն, առայժմ հայտնի չէ։
Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտնի է դարձել կիրակի օրը Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Որոշումներ ընդունող կենտրոնական գործադիր խորհրդի 2020 թ․ առաջին նիստից հետո։
Նշենք, որ «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար գեներալ Հաֆթարը դեմ է արտահայտվել թուրքական զորքերի Լիբիա ներխուժմանը և «Ջիհադ» («Սրբազան պատերազմ») հայտարարել դրա դեմ։ Ըստ Հաֆթարի՝ իրենք լայնածավալ մոբիլիզացիա են հայտարարել։
Լիբիայում թուրքական զորքի տեղակայմանը դեմ են արտահայտվել նաև Եվրոմիությունից։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ «մերժում են Լիբիայում զորք տեղակայելու Թուրքիայի որոշումը, ինչը մեծացնում է [ԵՄ] անհանգստությունը Լիբիայում իրավիճակի վերաբերյալ»։
Ավելի վաղ՝ հունվարի 2-ին Թուրքիայի ԱԺ արտահերթ նիստում 184 դեմ, 325 կողմ ձայնով ընդունվել էր մեկ տարի ժամկետով Լիբիա զորք ուղարկելու մասին բանաձևը: Երեք օր անց՝ հունվարի 5-ին, CNN–ի թուրքական ծառայության եթերում հարցազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարեց, որ իրենց զորքերն այդ պահին մեկնում են Լիբիա։ Ըստ Էրդողանի՝ Լիբիայում կլինի օպերացիոն կենտրոն, իսկ թուրքական զորքերին կղեկավարի գեներալ-լեյտենանտ։
Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:
Թուրքիան աջակցում է Հաֆթարի դեմ կռվող «Ազգային համաձայնության կառավարությանը»: