ԻՀՊԿ-ն հարվածել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին

Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որպես այդ կառույցի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազայի։

ԻՀՊԿ հարվածների թիրախներն Իրաքի արևմտյան Ալ Անբար շրջանի Այն ալ Ասադ ավիամաբազան և Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլում տեղակայված մեկ այլ ռազմաբազան են եղել։

Կորուստների մասին առայժմ միայն իրանական տվյալներ են (~30/80), որոնք անհուսալի են, ամերիկյան կողմը դեռևս հաստատել է, որ հարվածներ իրենց ռազմաբազաներին եղել են, սակայն կորուստների մասին տեղեկություն չկա։

Տեսանյութ Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա ԻՀՊԿ հարվածներից

Իրանական կողմը սպառնում է, որ եթե ԱՄՆ-ն փորձի պատասխան հարվածներ հասցնել, ապա Իրանը հարվածելու է ամերիկյան այլ թիրախների։

Իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը գրում է, որ ԻՀՊԿ հարվածներից այրվել է ամերիկյան ռազմաբազաներում տեղակայված ավիացիայի մի մասը։ Այս տեղեկությունը ևս հաստատված չէ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումներին և գրել․ «Ամեն ինչ լավ է։ Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իրաքում տեղակայված երկու ռազմաբազայի վրա։ Այժմ գնահատվում են կորուստների և վնասների չափերը։ ․․․ Վաղն առավոտյան պաշտոնական հայտարարություն կանեմ»։

Ուշագրավ է, որ այսօր առավոտյան, ԻՀՊԿ հարվածներից հետո, Թեհրանում վթարվել է Կիև ուղևորվող ուկրաինական Բոինգ–787-800 քաղաքացիական ինքնաթիռը, որի անձնակազմն ու ուղևորները մահացել են։ Ուղևորների թիվն, ըստ տարբեր տվյալների, տատանվում է 167-180-ի շրջանակներում։

Ռուսական «Մեդուզա» գործակալությունը կասկածի տակ է դնում՝ արդյո՞ք այս երկու իրադարձությունները կապված են միմյանց, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ-ալ-Շաաբի ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:

Սոլեյմանին հուղարկավորվել է այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան, իր ծննդավայր Քերմանի շրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *