Երեք տարի առաջ՝ 2016-ի ապրիլին, Թալիշ գյուղի այս դիրքն ալեկոծվում էր թշնամու հրետանային և հատուկջոկատայինների գրոհներից, այսօր՝ երեք տարի անց, այստեղ խաղաղ է։ Թեև հարաբերական խաղաղությունը դիրքը պահող գումարտակի շտաբի պետ կապիտան Հարությունյանին չի հանգստացնում, ընդհակառակը՝ ավելի է զգոնացնում։
«Հակառակորդի այս հանգիստ վիճակը ավելի է մեզ զգոնացնում, քան օրինակ 2014-2015 թվականներին լարվածությունը։ Ինչքան կշարունակվի, չգիտենք»,- ասում է կապիտանը։
Ապրիլին թշնամու գրոհները ետ մղելիս այս դիրքում են զոհվել հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը և իր տղաները։
Սպան պատմում է, որ ապրիլի 2-ին ադրբեջանցիները սկսել են կրակել ականանետով, ապա գործադրել են ծանր հրետանին։ Միաժամանակ թշնամու գրոհային խմբերը, օգտվելով տեղանքի քողարկիչ հատկություններից`անտառից, ծածուկ այնքան են մոտեցել, որ հայտնաբերվել են տեսադիտարկման սարքերով։
Ստեփանյանի դասակը, հարևան դիրքերի հետ փոխգործակցությամբ, ստեղծել է խաչաձև կրակ, սկսել ճնշել հակառակորդին։ Ժամեր տևած մարտից հետո առավոտյան գրոհը ետ է մղվել։ Ցավոք հակառակորդին հաջողվել է թևանցել, մտնել թիկունք և դիվերսիոն գործողություններով դարանակալել դիրք շտապող զինամթերքի մեքենան, որի մեջ եղել են մայոր Հայկ Թորոյանը և վարորդ, շարքային Հրանտ Ղարիբյանը։ Երկուսն էլ զոհվել են։
Մյուս գրոհի ժամանակ թշնամին թևանցել է դիրքի ձախ մասով, մտել կացարանի կողմով, շրջափակել դիրքը։ Հրամանատարը զոհվել է հենց կացարանիցմոտ, անձնակազմից ողջ մնացած երկու հոգին, հասկանալով՝ անիմաստ է շարունակել կռիվը, նահանջել են։
Դիրքը հակառակորդի ձեռքում մնացել է երկու ժամ, ապա հետախուզական վաշտի և հրաձգային վաշտի ստորաբաժանումները հակագրոհ են կազմակերպել, հրետակոծել, գրոհով մտել և ետ վերցրել այն։ Դիրքը վերադարձնելու ժամանակ զոհվել է հետախույզ Սասուն Մկրտչյանը։
«Դիրքը հակառակորդին թողնելը մեծ խնդիրներ էր հետագայում առաջացնելու, որովհետև անմիջապես էս դիրքից թիկունքային բոլոր ճանապարհները երևում են, կարող էին հրետանիով ճանապարհները փակել», – բացատրում է շտաբի պետը։
Ապրիլյան պատերազմին այստեղ տեսադիտարկման սարքեր եղել են, սակայն դրանից հետո, միավորման հրամանատար գնդապետ Շաքարյանի խոսքով, դրանց թիվն ավելացել է։ Կապիտան Հայրապետյանը նշում է, որ սարքերը ներկայում թույլ են տալիս հակառակորդին այնքանով հետևել, որքանով հակառակորդի «հանկարծակիության հասնելը» բացառվում է։
Դիրքում կա ապաստարան, հրետանուց պաշտպանվելու համար թաքնված ճեղք, երկարաժամկետ կրակակետ։ Կապիտանն ասում է, որ սրանք 3 տարի առաջ էլ են եղել։ Իսկ ապրիլից հետո դիրքում կատարելագործել են զինատեսակները, ավելացվել են հրետանավորների հաստիքները՝ ելնելով նախքան հայկական դիրք հասնելը հակառակորդի գրոհող ստորաբաժանումներին հուժկու հարված հասցնելու անհրաժեշտությունից․ «Նախքան հակառակորդի մեր առաջնագիծ հասնելը հրետանիով կարողանում ես թուլացնել նրան, հնարավորինս շատ կորուստներ պատճառել, ինչը հաստիքային հրաձգային զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը թույլ չեն տալիս անել X մետրի վրա»։
Սպան հատուկ ավելացնում է, որ չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք մտածում են, որ պատերազմից հետո է ուշադրություն դարձվել առաջնագծին, և որ մինչ այդ բանակն անտեսված է եղել, պարզապես պատերազմի փորձը ցույց է տալիս մարտի միտումները, թույլ տալիս անհրաժեշտ հետևություններ անել։
Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Սարգսյանը մինչ զորակոչվելը լսել է, որ բանակում զինամթերքի պակաս կա, բայց ծառայության ընթացքում համոզվել է, որ նման բան չկա, հակառակորդի հարձակմանը ամեն կերպ պատրաստ են․
«Մենք ամեն օր դիտարկում ենք, ու նրանց ամեն շարժը մեր նշանառության տակ է և մեզ տեսանելի։ Դիրք բարձրանալուց հետո ամեն օր պարապմունքներ ենք անում, պատրաստվում հակառակորդի հարձակման ժամանակ ճիշտ գործողություններ անելուն»։
Կրտսեր սերժանտը զորակոչվել է Չարենցավանից, ասում է՝ ծնողները թալիշեցի են, ու դրա համար երբ իմացել է, որ Թալիշ գյուղի դիրքերում է ծառայելու, ուրախացել է։
Դիրքից գյուղ ճանապարհը շատ երկար չէ, այստեղ բուռն շինարարություն է ընթանում, գյուղում հատուկենտ ընտանիքներ են ապրում, այն պատերազմի ավերածություններից հետո դեռ չի վերաբնակեցվել։
2017 թվականի համեմատ, երբ վերջին անգամ Ռազմինֆոյի թղթակիցները այցելել էին գյուղ, Թալիշն անճանաչելի է դարձել․ գյուղում կառուցվել են նոր դպրոց, մանկապարտեզ, հանդիսությունների սրահ, բնակարաններ։
Թալիշի գյուղապետի հայտնած տվյալներով՝ մինչև ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչ, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։
Նրանց մի մասը Ալաշան համայնքում է (բնակիչների հավաստմամբ՝ մոտ 35 տուն)։ Համայնքը գնալով մեծանում է, այստեղ մի քանի խանութ կա, բնակիչները անասուններ են պահում, զբաղվում մեղվաբուծությամբ, վարուցանքով։
Այցի կազմակերպիչը ԶՈւ ԳՇ տեղեկատվական բաժինն է։