Սահմանամերձ Թալիշ գյուղի բնակչության մի մասն այսօր ապրում է Ալաշանում։ Մինչ Ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչ, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։ Այս պահին Ալաշանում կա 37 ընտանիք՝ 140 բնակիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։
Ալաշանը նախկինում եղել է հանգստյան գոտի։ Թալիշեցիներին մի քանի տարբերակ են առաջարկել, նրանք նախընտրել են Ալաշանը։ Գյուղապետը հայտնեց, որ բնակիչների են տեղավորել նաև Մեծ Շեն, Դրմբոն գյուղերում, որովհետև Ալաշանում տեղ չեն ունեցել։
2016 թվականի ապրիլի մեկից հետո գյուղի բնակչությունից Արցախում է եղել 130-ը, 370 մշտական բնակիչ եղել է Արցախից դուրս։ Այսօր արդեն 300 թալիշեցիներ Արցախում են․
«Կան ընտանիքներ, որոնք այստեղ գալու մեծ ցանկություն են հայտնում։ Չարենցավանից էլ կան, ահագին արդեն եկել են … Ինչքան բնակիչ ունենք Ալաշանում, ադքան էլ ունենք Ղարաբաղի տարբեր բնակավայրերում, իսկ Մատաղիսում՝ 50-ից ավել բնակիչ … Այսօր Թալիշում ապրում է թվով 20 բնակիչ, սակայն ոչ ընտանիքներով»։
Այս պահին Ալաշանում կառուցվում է ևս 20 տնակ, Արցախի ղեկավարից խնդրել են ևս 10 տնակ։ Որոշ կազմակերպությունների հետ համագործակցությամբ երեխաներ ունեցող ընտանիքները անասուն են ստանում։
Համայնքում էլեկտրամատակարարումը և ջրի սպառումը փոխհատուցում է պետբյուջեն։ Իսկ գազամատակարարում չկա։ Գյուղացիներին տրամադրվել են հողակտորներ՝ ընդհանուր 0,8 հա տարածքով։ Կարմիր խաչի օգնությամբ տարածքը ցանկապատվել է, ջուր է քաշվել և բաժանվել է 18 ընտանիքի՝ յուրաքանչյուրին 400 քմ։ Հիմնականում մշակում են սպայական ընտանիքները, որոնց զինծառայողները ծառայել և ծառայում են Պաշտպանության բանակում։ Ազատ օրերին նրանք անցկացնում են իրենց ընտանիքների հետ, նաև մշակում հողերը։
Ալաշանում նաև գործում է դպրոց։ Թալիշի դպրոցի տնօրեն Տալիա Բեժունցը նշում է, որ այժմ դպրոցում սովորում է 23 աշակերտ, կա 7 կոմպլեկտ դասարան։ Մեկ տարի առաջ սովորում էր 102 աշակերտ։ Մինչ 2016-ի ապրիլն ունեցել են 20 ուսուցիչ, բայց այժմ ուսուցիչները 13-ն են։
Եկող սեպտեմբերի 1-ին երեք առաջին դասարանցիներ են ընդունվելու դպրոց, սակայն քանի որ ընտանիքներ կան, որոնք պետք է վերադառնան, թիվը կարող է աճել։ Այս տարի ունեցել են 1 շրջանավարտ, ում համար վերջին զանգ են կազմակերպել։ Շրջանավարտն ուսումը շարունակելու է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հույս ունեն, որ անպայման կվերադառնա Թալիշ և կդասավանդի։
Թալիշ գյուղում նախկինում կար մանկապարտեզ, շուրջ 30 երեխա է մանկապարտեզ այցելել, գյուղից դուրս գալուց հետո մանկապարտեզ դեռևս չկա։
Գյուղապետի խոսքով՝ թալիշեցիների վնասված մեքենաները առաջին փուլով փոխհատուցվել են, երկրորդ փուլով փոխհատուցվելու է անասունների գլխաքանակը։ Նոր կառուցվող բոլոր անհատական տները և ընդհանուր օգտագործման բոլոր կառույցները ունենալու են իրենց ապաստանները նկուղային հարկում։
Գյուղապետի հավաստմամբ՝ Կարմիր Խաչը 2016 թվականին ծրագրով է հանդես եկել և ֆինանսապես օժանդակել ընտանիքներին։ Ֆինանսական օժանդակությունը ցուցաբերվել է մինչև 2017-ի ապրիլ՝ 1 տարի։ Օժանակություններից օգտվել են դրա կարիքն ունեցող ընտանիքները։ Կարմիր Խաչը հաշվի է առել՝ արդյո՞ք ընտանիքի մեկ շնչի հաշվով նվազագույն եկամուտը 56 հազարից քիչ է, թե ոչ։ Ծրագիրն ավարտվել է ապրիլի 1-ին։ Այժմ ծրագիր են ուզում սկսել անասնագլխաքանակի անվարձահատույց ձևով։
Բուն Թալիշ գյուղում այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում գյուղապետարանում և հանդիսությունների շենքում։ Շուտով սկսվելու են դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները։ Կառուցվելու է նաև երեք տուն։ Աշխատանքներն իրականացվում են կառավարության միջոցներով։ Շինարարությունն իրականացվում է 2017-ից։ Այժմ տրակտորներն աշխատում են դպրոցի հիմքը գցելու աշխատանքների ուղղությամբ։ Գյուղապետը նշում է, որ կառուցվում է նոր դպրոց, որովհետև դպրոցի հին շինությունը ուղիղ նշանառության տակ է գտնվում։
Թալիշ գյուղում այս պահին բնակվում և միաժամանակ զինծառայություն են անցնում Պետրոսյան եղբայրները՝ Անդրանիկն ու Տիգրանը։ Տիգրանը կրտսեր եղբայրն է, ժամկետային ծառայությունն ավարտել է 2016-ի դեկտեմբերին։ Պաշտպանության բանակում որպես պայմանագրային ծառայում է երեք ամիս, ապրիլյան մարտերից հետո ցանկացել են գյուղում մնալ, հետո որոշել են, որ ավելի լավ է որպես պայմանագրային մնալ և եղբոր հետ միասին անցել են ծառայության։ Դեռևս առաջնագիծ չեն բարձրացել, շուտով կգնան։
Տիգրանն ասում է, որ բնակիչները գյուղի հետ կապ պահպանում են, հաճախ գալիս են իրենց տներ, մաքրում են, անտեր չեն թողնում։ Անձամբ իրեն գյուղի հետ կապում է ամեն ինչը, մանկությունը, հայրենիքը, պապական տունը, կցանկանա՝ նաև ապագան։