Արցախում որոշ դիրքեր համալրվել են «Կորդ» գնդացիրներով և նոր նշանոցով ՌՊԳ-7-երով. հրամանատար

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակները համալրվել են նոր զինատեսակներով, ինչը մի քանի անգամ բարձրացել է կրակային խոցման արդյունքները:  Այս մասին ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կարեն Սիմոնյանը:

«Օրինակ՝ խոշոր  տրամաչափի «Կորդ» գնդացիրը, որի օպտիկական նշանոցն ապահովում է  դիպուկություն և կրակի վարման հեռահարություն, կամ ձեռքի  հակատանկային նռնականետը` նորագույն  նշանոցով ՌՊԳ-7-ը, որ նախատեսված է բեկորային նռնակներով  հրաձգություն վարելու համար:

«Կորդ» գնդացիրը հյուսիսարևելյան դիրքերից մեկում

«Կորդ» գնդացիրը հյուսիսարևելյան դիրքերից մեկում

…Հաճախ ենք զորամասի լսարաններում, կրակադաշտում, բացազատված ուսումնական տեղամասերում կազմակերպում եռօրյա, հնգօրյա տեսական ու գործնական պարապմունքներ: Մանրակրկիտ բացատրում ենք նոր զենքերի հետ վարվելու նրբությունները՝ շեշտը դնելով անվտանգության կանոնների խստիվ պահպանման և անվրեպ, թիրախային խոցման վրա:»,—մասնավորապես տեղեկացրել է փոխգնդապետը:

Նշենք, որ սրանից ավելի վաղ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հրամանատարն էր  հայտնել, որ առաջնագիծը համալրվել է «Կորդ» գնդացիրներով:

«Կորդը» ռուսաստանյան արտադրության 12,7 մմ տրամաչափի գնդացիր է, որի խոցման հեռավորությունը 2000 մ է: Նախատեսված է հիմնականում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, թեթև զրահապատված մարտական տեխնիկայի և կրակային միջոցների դեմ պայքարի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *