Ադրբեջանի ԶՈւ դիրքերից մեկում ծառայակցի կրակոցից մահացել և վիրավորվել են զինծառայողներ

Օգոստոսի 8-ին, ժամը 01։30-ին Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերից մեկում զինծառայողներից մեկը զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով սպանել և վիրավորել է իր երկու ծառայակցին․ պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) աչքին ստացած գնդակից մահացել է, ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)՝ վիրավորվել։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը` հղում անելով իր աղբյուրներին։ Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։

Օգոստոսի 8-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) (ձախից) և վիրավորված ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)
Օգոստոսի 8-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) (ձախից) և վիրավորված ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)

Մինչ այս ադրբեջանական հարթակներում տարածվում էր տեղեկություն, թե Վյուսալ Յուսիֆովը մահացել է հայկական գնդակից, սակայն «Մեյդան»-ին, բացի իր աղբյուրներից, Յուսիֆովի հարազատները նույնպես հայտնել են, որ սպանել է ծառայակիցը՝ ոչ դիտավորյալ։ Իսկ ավագ լեյտենանտ Իբրահիմովի վիճակն այժմ կայուն է:

Հեռուստաընկերությունը հավելում է, որ փորձել են մեկնաբանություն ստանալ Նախիջևանի զինդատախազության ներկայացուցչից, սակայն վերջինս նախ հետաձգել է խոսակցությունը, պատճառաբանելով, որ «այդ պահին իր կողքին ուրիշ քաղաքացի կա», իսկ երկրորդ զանգին ասել է․ «թողե՛ք աշխատենք»։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 26 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *