Հուլիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 1998թ․ ծնված շարքային զինծառայող Ռամիլ Ֆազիլ օղլու Ջալիլովը (Ramil Fazil oğlu Cəlilov) Աղդամի զորամասերից մեկում ծառայության ժամանակ էլեկտրահարումից մահացել է։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողի բարեկամներին։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս կորուստը, ինչպես նույն օրը հայտնի դարձած ավագ լեյտենանտի կորուստը, ևս չի հայտնել։
Բացի այդ՝ հուլիսի 27-ին, ժամը 22։45-ին Իրան-Ադրբեջան սահմանին իրանցի սահմանախախտների և ադրբեջանցի սահմանապահների միջև փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, վիրավոր զինծառայողի անունը, սակայն, չի նշվում։
Հատկանշական է` օրերս Ռազմինֆոյին հայտնի դարձավ դեռ 2015թ․ հուլիսի մի կորուստ, որը ադրբեջանական կողմը կրկին թաքցրել էր։ 2015թ․ հուլիսի 10-ին Թովուզի շրջանում ավտովթարից մահացել էր ադրբեջանցի ռազմական բժշիշկ, 1982թ․ ծնված Նադիր Մամմեդով Մամմեդ օղլուն (Məmmədov Nadir Məmməd oğlu)։
Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 23 կորստի մասին։