Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում Թուրքիայի զինված ուժերի մոտ երկու ամիս շարունակվող ցամաքային «Ճանկ» ռազմական գործողության (“Pençe Harekatı”) ընթացքում, ըստ թուրքական աղբյուրների, սպանվել է մոտ 61 քուրդ զինյալ։
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ ուղղված այս գործողությունը մեկնարկել էր մայիսի 27-ի երեկոյան։ Բացի Հաքուրքում ցամաքային գործողություններից, թուրքական կողմը ակտիվորեն շարունակում է նաև օդային հարվածները Իրաքի հյուսիսային տարբեր շրջանների ուղղությամբ։
Թուրքական գործողությունը Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանեց Միջին արևելքում քրդերի ուսումնասիրմամբ զբաղվող քուրդ փորձագետ Աբդուլլա Հաուեզը։ Ըստ նրա՝ թեպետ սա Իրաքի հյուսիսում Թուրքիայի առաջին գործողությունը չէ, այս անգամ կարելի է առանձնացնել երկու տարբերություն.
«Նախ՝ Թուրքիան այս անգամ նախատեսում է երկար մնալ այս տարածքներում, նրանք արդեն սկսել են նոր ճանապարհներ ու ռազմաբազաներ կառուցել։ Երկրորդ՝ Քանդիլից արևմուտք է տեղակայված [Սիրիայի քրդական շրջանը՝ — Ռազմինֆո խմբ․] Ռոժավան* և քանի որ Թուրքիան մտածում է, որ PKK-ն փորձում է Ռոժավան կապել Քանդիլին, հույս ունի կտրել այս երկու շրջանների միջև կապը»,- ասաց Հաուեզը։
*Ռոժավան Սիրիայի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավար շրջանի կենտրոնն է։ Տարածված է այդպիսի թեզ, թե քրդերը փորձում են Իրաքյան ու Սիրիական Քրդստանները կապել իրար, այդպիսով ստեղծելով մեկ ընդհանուր քրդական շրջան։ Սիրիայի քրդական շրջանում են տեղակայված նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), որոնց Թուրքիան համարում է PKK ճյուղերից մեկը։
Հատկանշական է, որ հյուսիսային Հաքուրք շրջանի նկատմամբ վերահսկողություն ո՛չ Իրաքի կենտրոնական իշխանությունը ունի, ո՛չ էլ քրդական ինքնավար շրջանը՝ Էրբիլը։ Այս պատճառով է, որ երկուսն էլ աջակցում են թուրքական կողմին։
Քուրդ փորձագետ Հաուեզը նշեց, որ Բաղդադն այս հարցում երկակի խաղ է խաղում, քանի որ բացահայտ հայտարարում է, թե դեմ է գործողությանը, սակայն երկրի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդիի այցը Թուրքիա ռազմական գործողությունից միայն տասը օր առաջ և նախագահ Բարհամ Սալիհի հետ Էրդողանի հանդիպումը հենց գործողության սկսելու օրը վկայում են գործողությանը Բաղդադի համաձայնության մասին։
«Անտեղի է ասել, որ Իրաքը չի էլ կարող որևէ կերպ կանխել Թուրքիայի գործողությունները, քանի որ Բաղդադի բանակին արգելված է մտնել Իրաքյան Քրդստանի տարածք և նրանք, ըստ էության, Քրդստանի նկատմամբ վերահսկողություն չունեն»,- նշեց քուրդ փորձագետը։
Կարևոր է նշել, որ թուրքական գործողությունների դեմ պայքարելու նպատակով առաջին անգամ ստեղծվել են «Հյուսիսային Քրդստանի ինքնապաշտպանական ջոկատներ»։ Ջոկատների ստեղծման մասին քրդերը հունիսի 27-ին տարածել էին տեսասնյութ, որտեղ ասում էին, որ իրենց նպատակն է պայքարել իրենց տարածք ներխուժողների, մասնավորապես թուրքերի դեմ։ Տեսանյութում նրանք մեղադրում էին ինքնավար շրջանի ղեկավարությանը լռելու ու թուրքերին չպատասխանելու համար և կոչ էին անում քրդական զինված ուժերին՝ Փեշմերգային, միանալ իրենց և պայքարել արտաքին ներխուժողների դեմ։