Մայիսի 27-ի երեկոյան ժամը 20։00-ից Թուրքիայի զինված ուժերը
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ ցամաքային ու օդային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում։
Գործողության մեկնարկի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թուրքական զինուժի ռազմական հերթական գործողությունն անվանվել է «Ճանկ» (“Pençe”):
Ցամաքային գործողություններից առաջ նախ F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցվել, այնուհետև UH-60 ուղղաթիռներով հատուկջոկատայիններ են իջեցվել այդ տարածք, որտեղ էլ սկսել են գործողությունները։ Վայրէջքից Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է նաև առանձին տեսանյութ։
Ըստ աղբյուրի՝ գործողությանը ներգրավվել են թուրքական արտադրության «Աթաք» ուղղաթիռներ, բացի այդ հրապարակված լուսանկարներում երևում են նաև թուրքական T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև ԱԹՍ–ներ։
Նշենք, որ այս գործողության մասին իր թվիթերյան էջում գրառում է արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «հաջողություն մաղթել զինված ուժերին»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ–ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել: