Հայաստանը օգոստոսին կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը

2019 թվականին նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների կազմով 6 զորավարժություն։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի և Ուզբեկստանի զինված ուժերի 12000 զինծառայողն։

Այս մասին հուլիսի 4–ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հավելելով, որ զորավարժությունները այս տարի լինելու են Բելառուսում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info–ին հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ կազմով բոլոր զորավարժություններին, սակայն զորավարժություններ կան, որոնք իրենց բնույթով զինված ուժերին չեն վերաբերում, այլ օրինակ փրկարարական սցենարով են։

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարը նաև նշել է, որ զորավարժություններից առաջինը՝ «Ամպրոպը», մեկնարկելու է օգոստոսին՝ Ղրղզստանում։ «Ամպրոպ» զորավարժությունը նվիրված է լինելու թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին։ Այնուհետև նախատեսված է անցկացնել «Մարտական եղբայրություն» զորավարժությունը։

2019 թվականին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մարտին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Անդրեյ Պապովը։ Նշենք, որ ՀԱՊԿ կազմով անցկացվող «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները 2017 թվականին եղել են Հայաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *