Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում անցկացվել է զորահանդես: Դրա ընթացքում անակնկալներ կամ նոր ցուցադրություններ չեղան, սպառազինության համամետաբար նոր միջոցները արդեն ցուցադրվել էին Մինսկում ավելի վաղ կայացած MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումներից բացի զորահանդեսին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Չինաստանի և ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանի ԶՈւ անձնակազմ:
Ռուսաստանը պարբերաբար մասնակցում է Մինսկում անցկացվող զորավարժություններին, Չինաստանի ԶՈւ զինծառայողների համար սա երկրորդն է, իսկ ՀԱՊԿ անդամ երկրների ու Ադրբեջանի համար սա առաջինն էր:
Ռուսաստանի ներգրավվածությունը զորահանդեսին բավական լայն էր, մասնակցում էին ՌԴ ՌՕՈւ Մի-8 և Կա-52 ուղղաթիռներ, Սու-30 կործանիչներ, Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ, Տու-95 և Տու-160 ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր: Այլ երկրները ներկայացված էին պատվո պահակախմբերի կազմով:
Նախկինում Բելառուսում անկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսիներին «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ների հետ միասին ցուցադրվել է նաև 300կմ հեռահարության Մ20 բալիստիկ հրթիռը, ինչի պարագայում «Պոլոնեզը» ՀԿՌՀ-ից վերածվում է օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի: Այնուամենայնիվ, ինչպես 2015-ի զորահանդեսին, այս անգամ ևս «Պոլոնեզները» կրում էին 200կմ հեռահարության «սովորական» Ա200 հրթիռներ: Ավելին՝ «Պոլոնեզի» Մ20 հրթիռով տարբերակը դեռ չի ցուցադրվել կամ նկատվել, օրինակ՝ զորավարժությունների կամ ռազմական այլ միջոցառումների ժամանակ:
Սա կարող է անուղղակիորեն վկայել, որ այդ տարբերակը դեռևս Բելառւոսի սպառազինություն չի ընդունվել ու փորձարկման փուլում է: Սա հետաքրքրական է այնքանով, որ Մ20 հրթիռով տարբերակի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև Ադրբեջանը: