Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները վաղը կհանդիպեն

Հունիսի 12–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների յոթերորդ հանդիպումը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են եռակողմ համագործակցության զարգացմանը և տարածաշրջանային գործընթացների անվտանգությանն ուղղված հարցեր։

Ենթադրվում է, որ մինչ եռակողմ հանդիպումը կլինեն նաև առանձին երկկողմ հանդիպումներ տարբեր կողմերի միջև։

Վերջին անգամ եռակողմ հանդիպում անցկացվել էր 2018թ. մարտի 31–ին՝ Թուրքիայի Գիրեսուն քաղաքում։ 6-րդ հանդիպմանը ևս քննարկվել էին ռազմական համագործակցության հեռանկարները, աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները, տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովումը և այլ հարցեր:

Բացի այդ՝ 2018թ. նոյեմբերին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետերը, որոնց հետ ևս անցկացվել էին երկկողմ ու եռակողմ ֆորմատով հանդիպումներ։ Եռակողմ հանդիպման ժամանակ կողմերի միջև ստորագրվել էր համագործակցության մասին արձագանագրություն, որի մանրամասները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը արդեն իսկ Ադրբեջանում՝ Նախիջևանում է։ Վերջինս ժամանել էր «Անդրդվելի եղբայրություն–2019» թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությանը հետևելու նպատակով։ Այցի ընթացքում Աքարը հանդիպել էր Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին և Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *