Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ՌՕՈւ ուսումնական կենտրոնի մասին հրապարակման մեջ երևացել են Պակիստանից ձեռք բերված Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռները:
Ադրբեջանում այս ինքնաթիռների առկայության և շահագործման մասին սա առաջին պաշտոնական վկայությունն էր: Դեռևս նախորդ տարվա ապրիլին Պակիստանի Քոմա քաղաքի երկնքում նկատվել էր այս ինքնաթիռից՝ Ադրբեջանի դրոշով և ՌՕՈւ նշանով:
Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ ուսումնամարտական այս ինքնաթիռները տեղակայվել են Ադրբեջանի ՌՕՈւ Քյուրդամիրի ավիաբազայում՝ Ադրբեջանի սպառազինությունում առկա ուսումնամարտական այլ՝ Լ-39 ինքնաթիռների հետ միասին:
Super Mushshak-ների ձեռքբերման պայմանավորվածության մասին հայտնի էր դարձել 2017թ. ամռանը. Ադրբեջանը գնել է 10 միավոր:
Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է: Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝
- Անձնակազմը — 2 կամ 3 օդաչու,
- Թռիչքի տևողությունը — մինչև 5 ժամ,
- Առավելագույն արագությունը — 238 կմ/ժ,
- Բեռնատարողությունը — 300 կգ
- Սպառազինությունում — 7,62 մմ գնդացիրներ, 6 կախոց՝ չկառավարվող և հակատանկային կառավարվող հրթիռներով: