Ապրիլի 12-ին Ինդոնեզիայի պաշտպանության նախարարությունը երկրի պետական PT Pindad (Պինդադ) ռազմարդյունաբերական ընկերությունից պատվիրել է «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկեր, որոնք արտադրվում են թուրքական FNSS ընկերության հետ համատեղ։
Այս մասին գրում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգը, նշելով, որ գործարքի արժեքը կազմում է 135 մլն դոլար։ Ըստ աղբյուրի՝ չնայած գործարքով նախատեսված թվաքանակը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն Պինդադ ընկերության պաշտպանական ստորաբաժանման նախագահը հայտարարել է, որ նախատեսում են մատակարարել 18-20 միավոր տանկ, բայց վերջնական թվաքանակը դեռ չի որոշվել։ Տանկերը Ինդոնեզիայի զինված ուժերին պիտի մատակարարվեն երեք տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ինդոնեզական ու թուրքական ընկերությունների միջև «Կապլան–ՄՏ» տանկերի արտադրության պայամանագիրը կնքվել է 2014-ին։ Առաջին նախատիպը ներկայացվել էր 2017թ. մայիսին Թուրքիայում՝ IDEF միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։ 2018թ. նոյեմբերին՝ Indo Defense 2018 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայտարարվեց, որ «Կապլան–ՄՏ» տանկերը արդեն պատրաստ են սերիական արտադրության դրվել։
Նշենք նաև, որ «Կապլան–ՄՏ» թեթև տանկի տեսակարար հզորությունը (շարժիչի հզորություն / զանգված)՝ 20 ձիաուժ/տոննա է: Մարտական զանգվածը կշռում է 25 տոննա։ Տանկի կորպուսը և պահեստամասերը ամբողջությամբ հավաքել է թուրքական FNSS ընկերությունը։ Տանկի աշտարակը բելգիական արտադրության CMI Cockerill 3105 է։ Անձնակազմում երեք հոգի են։ Հիմնական զենքը — 105 մմ Cockerill դասի թնդանոթ է, ունի նաև լրացուցիչ զենք՝7,62 մմ գնդացիր։