Թուրք–ինդոնեզական «Կապլան-ՄՏ» տանկերը պատրաստ են սերիական արտադրության

Նոյեմբերի 7–10—ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում Indo Defense 2018 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացվել է ինդոնեզիական պետական PT Pindad (Պինդադ) ռազմարդյունաբերական ընկերության և թուրքական FNSS ընկերության հետ համատեղ ստեղծած «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկերը։  Այս մասին գրում է ռազմական թեմաներով մասնագիտացած BMPD բլոգը։

Ցուցահանդեսի ընթացքում հայտարարվել է, որ տանկերի փորձարկումն ավարտվել է և այն պատրաստ է դրվել սերիական արտադրության։ Ինչպես մինչ այս հայտարարվում էր՝ տանկերը նախատեսվում է մատակարարել Ինդոնեզիայի զինված ուժերին, իսկ Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանը մատակարարման մասին որևէ տեղեկություն չկա։

Բլոգում նշվում է, որ Ինդոնեզիայի զինված ուժերը նախատեսում են գնել 400 միավոր «Կապլան-ՄՏ» տանկ։

«Կապլան–ՄՏ» թեթև տանկի տեսակարար հզորությունը (շարժիչի հզորություն / զանգված)՝ 20 ձիաուժ/տոննա է: Մարտական զանգվածը կշռում է 25 տոննա։

Թուրքական FNSS և ինդոնեզական PT Pindad ռազբաարդյունաբերական ընկերությունների արտադրած «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկը

Թուրքական FNSS և ինդոնեզական PT Pindad ռազբաարդյունաբերական ընկերությունների արտադրած «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկը

Տանկի կորպուսը և պահեստամասերը ամբողջությամբ հավաքել է թուրքական FNSS ընկերությունը։ Տանկի աշտարակը բելգիական արտադրության  CMI Cockerill 3105 է։ Անձնակազմում երեք հոգի են։ Հիմնական զենքը — 105 մմ Cockerill դասի թնդանոթ է, ունի նաև Լրացուցիչ զենք՝ 7,62 մմ գնդացիր։

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի և Թուրքիայի միջև «Կապլան–ՄՏ» տանկերի արտադրության պայամանագիրը կնքվել է 2014-ին։ Նախորդ տարվա մայիսին տանկի առաջին նախատիպը ներկայացվել էր Թուրքիայում IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում, իսկ երկրորդը՝ 2017թ․ հոկտեմբերին Ինդոնեզիայում՝ զորահանդեսի ժամանակ։ Մինչ այդ՝ 2016թ․, տանկի մակետը ներկայացվել էր Indo Defence 2016 ցուցահանդեսի ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *