Ապրիլի 12-ին և 13-ին Իսրայելի օդուժը կրկին հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքում որոշ օբյեկտների: Արբանյակային լուսանկարների վերլուծությամբ զբաղվող իսրայելական Image Satellite Internacional ընկերությունը արձանագրել է հարվածներից մեկի տեղը:
Ըստ դրա՝ թիրախավորված օբյեկտը Սիրիայի Մասյաֆ քաղաքի հյուսիսում տեղակայված ռազմաբազաներից մեկի հատված է: Հատկանշական է, որ Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը դեռ ապրիլի 13-ին հայտնել էր, որ Իսրայելական ավիահարվածներ են եղել հենց Մասյաֆի ուղղությամբ:
Իսրայելական կողմը իր հարվածները պայմանավորում է Իրանի ակտիվացմամբ, և շեշտում, որ Սիրիայում թիրախավորում է Իրանի կողմից շահագործվող օբյեկտներ: Ըստ Image Satellite Internacional-ի՝ սա ևս կապված է Իրանի հետ, և որոշ տեղեկություններով միջին հեռահարության հրթիռների արտադրամաս է: Այնուամենայնիվ նշվում է, որ հրթիռների արտադրամաս լինելը հաստատող առերևույթ նշաններ իրենք չեն արձանագրել:
Ուշագրավ է նաև, որ թիրախավորված օբյեկտի մոտակայքում` շուրջ 10 կմ հեռավորության վրա են տեղակայված Սիրիայի ԶՈւ Ս-300 և ՌԴ ԶՈւ Ս-400 ՀՕՊ համակարգերը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ էր հասցրել նաև Հալեպի ուղղությամբ մարտի վերջին: