Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավի վերանորոգմանը մնացել է 75 % աշխատանք․ Շոյգու

Ադմիրալ Կուզնեցով ռազմանավի վերանորոգման և արդիականացման աշխատանքների 25 տոկոսն արված է։ Նախատեսվում է աշխատանքները ամբողջովին ավարտել մինչև 2020-ի վերջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նախարարի խոսքերը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նավի վերանորոգման աշխատանքները սկսել են 2018-ի աշնանը, նախատեսվում է, որ վերանորոգումից հետո ավիակիրը կծառայի 20 տարի:

Այն նախկինում նույնպես վերանորոգվել է: Դրա հիմնարար վերանորոգման անհրաժեշտության մասին հայտնել են դեռ 5 տարի առաջ՝ 2014-ին։ Խոսվում էր, թե հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Նշվում էր, որ հածանավի տեխնիկական վիճակն առայժմ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ:

Նշենք, որ Ռուսաստանում այդքան էլ միանշանակ չէ հածանավի վերանորոգման և ծով վերադառնալու վերաբերյալ դիրքորոշումը, ինչին հանգամանալից անդրադարձել է «Իզվեստիա» պարբերականը։

Նախկինում հածանավի տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք կատարելիս վթարվել են ՌԴ ԶՈւ ինքնաթիռներ, դրանց պատճառ է դարձել, օրինակ՝ հածանավի «արգելակող պարանի» կտրվելը:

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։

Ըստ հաստիքի՝ ավիակրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29-ԿՈւԲ կործանիչ: Սակայն ավիակրի վրա 2016 թ. նոյեմբերի դրությամբ տեղակայված եղել է 12 կործանիչ՝ 9 միավոր Սու-33, և 3 միավոր ՄիԳ-29Կ:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:
ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:
Ռուսական ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը
ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին
ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *