ՌԴ բանակը բրիգադների համար նախատեսված «Իսկանդերներ» կստանա

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ ընթացիկ տարում սկսվելու է բրիգադների համար նախատեսված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերի՝ ռուսական ԶՈւ-ին տրամադրելու գործընթացը։

Ժամանակին «Իսկանդեր» համակարգի տարբեր բաղադրիչների արտադրողներն ինքնուրույն էին մատակարարում այն զորքերին՝ օգտագործման համար առանձին տրամադրելով հրամանատարաշտաբային մեքենաներ, արձակման կայաններ, ինչպես նաև հրթիռների գլխիկներ ու կրիչներ։

«Իսկանդեր-Մ» համակարգի արձակման կայան

«Իսկանդեր-Մ» համակարգի արձակման կայան

Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բրիգադների համար նախատեսված «Իսկանդերներով» զորքերի զինումը համապատասխանում է ՊՆ-ի կողմից մշակված համալիր ծրագրին, որի իրականացման համար էլ տևական պայմանագիր է կնքվել ՌԴ ՊՆ-ի ու արդյունաբերական ձեռնարկությունների միջև։

Համաձայն դրա՝ մինչև 2017-ը նախատեսվում է ցամաքային զորքերն ապահովել «Իսկանդեր»օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով։

Ըստ վերոհիշյալ հայտարարության՝ երկարատև պայմանագիր է կնքվել նաև ռազմաարդյունաբերական մի շարք հաստատությունների հետ։ Պայմանագիրը ենթադրում է մինչև 2015-ը ՌԴ ռազմաօդային ուժերը և ռազմածովային նավատորմը զինել գնդի համար նախատեսված Ս-400 համակարգերով։

Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ մինչև 2020-ը ռուսական ցամաքային զորքերը կապահովվեն 10 միավոր բրիգադային «Իսկանդեր-Մ» հրթիռային  համակարգերով, 9 միավոր Ս-300Վ4 ՀՕՊ համակարգերով, ավելի քան 2300 տանկերով, մոտ 2000 ինքնագնաց հրետանային համակարգերով, ինչպես նաև 30 հազար միավոր տրանսպորտային միջոցներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *