Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը թվիթերյան իր էջում հրապարակել է թուրքական արտադրության «Աքընջը» (“Akıncı”) անօդաչու թռչող սարքի մարտավարատեխնիկական բնութագիրը։
Ըստ դրա՝ «Աքընջը»–ի
- Թևերի բացվածքը՝ 20 մ է;
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
- Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
- Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։
ԱԹՍ–ի մշակումը սկսել է 2017թ. մայիսից, դրանով զբաղվում է՝ «Բայքար» ընկերությունը: ԱԹՍ–ն նախատեսվում է գործարկել Թուրքիայի ավիաշինական ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։
Ըստ հրապարակված լուսանկարի՝ «Աքընջը» ԱԹՍ–ին կցվելու է 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ «MAM-L», «MAM-C», «BOZOK», «CİRİT», «SOM-A», «LGK», «HGK», «KGK»։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։
Հիշեցնենք, որ Թուրքիան «Աքընջը» ԱԹՍ–ն նախատեսում է սպառազինության մտցնել 2021թ.։ Այս մասին դեռ 2018թ. մարտին հայտարարել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին։