Փետրվարի 27–ից մարտի 8–ը Թուրքիայի ռազմածովային ուժերը միանգամից երեք՝ Էգեյան, Միջերակրական և Սև ծովերում անցկացնելու են «Մավի Վաթան – 2019» (“Mavi vatan-2019”) զորավարժությունը, որը, ըստ թուրքական աղբյուրների՝ հանրապետության պատմության մեջ խոշորագույն ռազմածովային զորավարժությունն է։
Ըստ այդմ՝ զորավարժությանը մասնակցելու է ընդհանուր 103 նավ, այդ թվում՝ 13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռակիր նավակ, 7 սուզանավ, 7 ականորսիչ նավ, 17 աջակոցող սահմանապահ նավ, 14 պարեկանավ, 22 դեսանտային և 1 վարժանքների նավ։
Բացի ռազմանավերից, զորավարժությանը մասնակցելու են նաև ՌԾՈւ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Բացի այդ՝ մասնակցելու են նաև ռազմաօդային, ցամաքային ու սահմանապահ ուժերի մի քանի ստորաբաժանումներ:
Զորավարժության ընթացքում լինելու են պայմանական թշնամիներ, այդ թվում՝ «ահաբեկիչների ուղղաթիռներ» ևն։ Զորավարժությունն ուղեկցվելու է մարտական կրակով։
Նշենք, որ փետրվարի 25–ին միջերկրական ծովում մեկնարկել է նաև ՆԱՏՕ երկրների հետ համատեղ անցկացվող Dynamic Manta-2019 զորավարժությունը, որը ևս ավարտվելու է մարտի 8–ին։