Կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ սահմանվեց, որ զորակոչվելու են նաև գիշերամիզություն ունեցող երիտասարդները։ 2018-ի ամռանը գիշերամիզությամբ զորակոչվել է ավելի քան 100 զինծառայող։ Այս զինծառայողները ասում են, որ իրենք զորամասում առողջական և հոգեբանական խնդիրների են բախվում։
«Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիա» կազմակերպության նախագահ, փաստաբան Դավիթ Վարդիկյանի խոսքով՝ անհասկանալի է, թե որոնք են այն հիմնավորումները, որ նախկինում ծառայության համար ոչ պիտանի համարվող անձինք տվյալ որոշման համաձայն դարձել են սահմանափակումով պիտանի:
Փաստաբանը պնդում է, որ հիվանդությունը և ծառայությունը անհամատեղելի են։ Ծառայության ընթացքում զինծառայողները բախվում են առողջության վատթացման և հոգեբանական խնդիրների։
Մեզ հետ զրույցում գիշերամիզությամբ արդեն 6 ամիս ծառայող Ա․-ն [պայմանական] ասաց, որ թեև ծառայում են սահմանափակումներով, դրանք չեն թեթևացնում իրենց վիճակը։
«Հիմնականում զորամասում հիվանդությունը խորանում է, մինչև բանակ գալը եթե
շաբաթական գիշերամիզության 2-3 դեպք էր լինում, հիմա դրանց քանակը ավելացել է, ու բոլորիս մոտ է այդպես»։
Զորամասում հիգիենայի պայմանները ապահովված են․ «Ամեն օր լողանում ենք, բայց սա էլ է խնդիրներ ստեղծում, առավոտյան լողացած դրսում շարք ենք կանգնում, որից էլ հաճախ մրսածություն է առաջանում»։
Սակայն հիմնական խնդիրը հոգեբանականն է, իրենց հիվանդության մասին տեղյակ են զորամասում և դրսում բոլորը։ «Մեր վաշտում բոլորս էլ նույն հիվանդությունից ունենք, կարելի է ասել բախտակից ընկերներ ենք, բայց պիտակավորված ենք»։ Զինծառայողները ծառայում են առանձին վայրում, զորամասից արձակման դուրս գալիս քաղաքում գիտեն, որ այդտեղ ծառայողները հիվանդ են։
Ա․-ն ասում է, որ զորակոչվելուց հետո խնդրի մասին իրենց բնակավայրերում էլ են իմացել, ինչը իրենց խանգարելու է հետագա կյանքը դասավորելուն, ամուսնանալուն։
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հոգեբան Արթուր Տոնոյանը օրինակ է բերում․ «Պատկերացրեք՝ 20 տարեկան բարետես տղա, որի եռանդուն կյանքը նոր սկսվում է, գնում է մի տեղ, որտեղ ակնարկում են իր խնդրի մասին։ Պետք է լինի շատ ուժեղ հոգեբանորեն պատրաստված մարդ, որ ասի՝ գիտեք՝ ձեր խնդիրը չէ, իմ խնդիրն է։
Գալիս է անլիարժեքության կոմպլեքսը, որ ինքը լիարժեք տղամարդ չէ, որովհետև ինչ-որ բան չի կարողանում վերահսկել: Առաջացնում է նաև սեռական կյանքը դասավորելու խնդիր»։ Հոգեբանի խոսքով՝ անլիարժեքության կոմպլեքսը, ծաղրը, ճնշումները կարող են հանգեցնել խորը դեպրեսիայի։
Նշենք, որ այս հիվանդության պատճառը կարող է լինել նաև հոգեբանական, հոգեբան Տոնոյանը առաջարկում է՝ եթե խնդիրը միզասեռական համակարգի խանգարման հետ կապված չէ, պետք է փորձել բուժել, հետո նոր զորակոչել։
Զորամասերում հոգեբանների հետ աշխատելու տարբերակն էլ արժանահավատ չի թվում Տոնոյանին, պատճառը՝ հայաստանյան հասարակության՝ հոգեբանի ինստիտուտի ընկալումն է․ «Գիտեք, բացի այդ, հոգեբանական աշխատանքը մեկ-երկու հանդիպում չէ, այլ տևական է։ Թեկուզ եթե նրան հաջողվի հաղթահարել խնդիրը, նա մեկ է այդ պիտակը միշտ ունենալու է»։
Այս տարվա սկզբին ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնբաժողովի նախագահը հայտնել էր, որ զինված ուժերում կիրականացվի այս և այլ հիվանդություններով առաջին անգամ զորակոչված զինծառայողների վերաբերյալ փորձաքննություն։ Նորություններ դեռ չկան։