Թուրքական TAI ընկերությունը նոր ուղղաթիռ կարտադրի

Փետրվարի 22–ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և «Թուրքիական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) միջև կնքվել է բազմանպատակային նոր ուղղաթռի արտադրման պայմանագիր, որը նախատեսում է ունենալ 10 տոննա քաշ։ 

Այս մասին տեղեկանում ենք ՊԱԳՎ պաշտոնական կայքից։ Պայմանագիրը ստորագրել են ՊԱԳՎ պետ Իսմայիլ դեմիրը, TAI ընկերության գլխավոր նախագահ Թեմել Քոթիլը և նույն ընկերության նախագահների խորհրդի ղեկավար Օղուզ Բորաթը։

Այս ուղղաթիռը երկու անգամ ավելի ծանր է լինելու նույն ընկերության արտադրած Տ-129 «Աթաք» (5 տոննա քաշ ունեցող) ուղղաթռից։ Նախատեսվում է, որ այն կունենա 1200 կգ–ից ավելի բեռնատարողություն, ինչպես նաև գազատուրբինային երկու շարժիչ։ Ուղղաթիռը կկարողանա գործել շատ բարձր ու տաք պայմաններում։

Նոր ուղղաթիռը նախատեսում է լինել ամբողջությամբ տեղական արտադրության։ Այն կունենա 30 մմ տրամաչափի ավտոմատ հրանոթ, նոր սերնդի 2,75 դյույմանոց ղեկավարվող ու չղեկավարվող, հակատանկային ու «օդ–օդ» տեսակի հրթիռներ։ Անձնակազմը բաղկացած կլինի երկու օդաչուից։ Ուղղաթռի առաջին թռիչքը ծրագրվում է կատարել 2024թ.։ 

Հիշեցնենք, որ այս ուղղաթռի արտադրման մասին թուրքական ընկերությունը հայտարարել է դեռ 2017թ. սեպտեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ նախատեսվում է երկու ուղղաթռի արտադրություն, որոնցից մեկը՝ թուրք-իտալական T-129 «Աթաք» հարվածային ուղղաթռի արդիականացումն էր, իսկ մյուսը՝ 10 տոննա քաշով բազմանպատակային ուղղաթիռ: Նշենք, որ ոչ պաշտոնական աղբյուրներում նոր ուղղաթիռը կոչվում է նաև «ԱԹԱՔ–2»։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *