Հիփոթեքային ծրագիրը վիճելի կետեր ունի․ զորացրված սպա

ՀՀ ՊՆ–ն որոշման նախագիծ է հրապարակել, որի ընդունման դեպքում ՀՀ ՊՆ և այլ ուժային կառույցների սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպելով։ Բնակարանի համար 10% կանխավճարը կվճարի պետությունը:

Նախագծով՝ պետությունը առաջնային շուկայից բնակարան գնելու դեպքում կսուբսիդավորի վարկի տարեկան 7%–ը (4 %-ը` եկամտահարկի հետ վերադարձման տեսքով), իսկ երկրորդական շուկայից գնելու դեպքում՝ 3%–ը (եկամտահարկը ետ չի վերադարձվի): 

Ծրագրի մասին զրուցել ենք պահեստազորի փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանց հետ։ 

Փոխգնդապետը նշում է՝ քանի որ առաջնային շուկան հիմնականում մայրաքաղաքում է, մարզերում բնակվող զինծառայողները օգտվելու են երկրորդական շուկայից, և ետ չի վերադարձվելու 4 տոկոս եկամտահարկի գումարը։

Ծրագրով սահմանված է, որ վարկով բնակարան կկարողնան գնել միայն վճարունակ զինծառայողները։ Փաստաթղթում հստակեցված չէ՝ ինչ է նշանակում վճարունակ լինել։

Պետրոսյանցը ռիսկ է տեսնում, հարցնում է՝ արդյոք հանձնաժողովը կամ բանկը կարո՞ղ է իր հայեցողությամբ մերժել կամ հաստատել որևէ սպայի դիմում, իսկ  զինծառայողի վարկային պատմությունը որոշիչ լինելու՞ է։

Վարկավորման ծրագրի ընթացքում զինծառայողի՝ ծառայության հետ կապված իրավիճակներում զոհվելու (մահանալու), վիրավորվելու, հիվանդանալու դեպքում պետությունը կմարի վարկի մայր գումարը` 10-100 տոկոսով (կախված հանգամանքներից)։

Փոխգնդապետը օրինակ է բերում՝ սպան վարկով բնակարան է վերցրել, երկու տարի անց հաշմանդամ է դարձել, պետությունը մուծել է մայր գումարի X մասը, սակայն զինծառայողը այլևս աշխատունակ չէ, ի՞նչ է լինելու. «Բանկը տունը վերցնելու՞ է ձեռքից, տուժելու՞ են նաև մարդիկ, որոնք երաշխավոր են կանգնել»։

Զինծառայողի ընտանիքի անդամ  համարվում են  զինծառայողի ամուսինը, զավակները և ծնողները: Եթե զինծառայողը համաձայն է,  նրա ընտանիքի անդամ կարող են համարվել նաև նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել գնման ֆինանսավորմանը։

Իսկ զորացրվածների համար պետությունը ընդհանրապես դադարեցնում է վարկի տոկոսի սուբսիդավորումը և եկամտահարկի վերադարձման պայմանները: 

Փոխգնդապետի խոսքով՝ այն մարդը, որի սահմանային տարիքը մոտենում է, չի օգտվելու այս ծրագրից, որովհետև հետագայում աշխատանք չի գտնելու (լավագույն դեպքում՝ պահակ, տաքսու վարորդ), ինչպե՞ս է մարելու այդ գումարը։ Այս ծրագրի  պայմանները համեմատաբար լավ են երիտասարդ սպաների համար, որոնք ծառայում են առաջնագծում. «Այս նախագիծը մարդուն ստիպում է ծառայել այնքան, մինչև հիփոթեքը վերջանա»։

Ծրագրով յուրաքանչյուր վարկառուն կկարողանա տուն գնել առավելագույնը 28.500.000 դրամով [76քմ և ավելի], 16.500.000-ով [մինչև 55քմ], 22.500.000-ով [56-75քմ]: Սահ­ման­ված գումարից ավելի լինելու դեպքում` պետությունը կաջակցի միայն սահմանված առավելագույն արժեքով:

Զինծառայողը ամեն ամիս մարում է հավասարաչափ մայր գումարը, իսկ տոկոսները՝ գնալով նվազում են:

Ամեն տարի ծրագրից կարող են օգտվել ՊՆ 400, ոստիկանության՝ 40, ԱԱԾ՝ 40, քրեակատա­րո­ղա­կան ծառայության 20 զինծառայող:

Ավելացնենք, որ հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկներ է արել ծրագրում փոփոխությունների վերաբերյալ.

  • Անօրինական կերպով զորացրված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից:
  • Հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրամ Աբրահամյանը նույնպես դիտարկումներ է արել ծրագրի վերաբերյալ.

«Առանձին պետք է դիտարկել Հայաստանն ու Արցախը, որովհետև հենց միայն բնակֆոնդի առումով մեծ տարբերություններ կան Երևանի և Ստեփանակերտի, Արցախի շրջանների ու հայաստանյան մարզերի միջև: Արցախում սպաների համար նախատեսված բնակարանաշինությունը պետք է շարունակվի, հատկապես՝ շրջաններում: Կարծում եմ՝ պետք է իրապես արտոնյալ պայմաններով հիփոթեքային փաթեթ առաջարկել այն սպաներին, որոնք ցանկանում եմ արագ ձեռք բերել սեփական բնակարան, բայց բնակարանաշինական ծրագիրը պետք է պահել: Նաև` սպան, որն այդ ծրագրից է օգտվում, պետք է գիտակցի, որ, օրինակ, բնակարանի իր հերթը կարող է հասնել 20 կամ 25 տարի հետո»:

Հիշեցնենք, որ ծրագրի մասին դեռևս 2017 թ. հոկտեմբերին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բնակարանի համար մինչև որոշման ուժի մեջ մտնելու պահը հերթագրված զինծառայողը, եթե չի ուզում օգտվել այս տարբերակից, շարունակում է մնալ բնակարանի համար հերթագրվածների ցուցակում և սպասել իր բնակարանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *