ՀՀ ՊՆ-ի պատասխանները «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ ընթերցողների հարցերին

Մի քանի ամիս է Ռազմինֆոն ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ հարցեր է ստանում ընթերցողներից։ Այս ու նաև բնակարանային ծրագրի մասին հաճախ տրվող հարցերն ուղարկել ենք նախարարություն և պատասխաններ ստացել։

Նախարարությունից ուղարկված պատասխանները տեղադրվում է նույնությամբ:

  1.  Բակալավրիատի բարձր կուրսերում կամ մագիստրատուրայում այժմ սովորող ուսանողները, եթե ուսմանը զուգահեռ սպայական կրթություն չեն ստացել, կարո՞ղ են օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրի առաջարկած զինծառայության տեսակից։ Եթե այո, ապա ի՞նչ կարգով։

Ոչ, սակայն կա այլընտրանքային տարբերակ՝ ընտրելով «Պատիվ ունեմ»-ի համանման ծրագիր, մեկամյա ուսուցում անցնել Վ. Սարգսյանի անվան համալսարանում, ապա մեկնել երկամյա ծառայության՝ որպես սպա:

 

  1. Ներկայում բակալավրիատի բարձր կուրսերում և մագիստարատուրայում տարկետումով սովորող ուսանողների համար, ովքեր չեն ուսանել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և չեն օգտվում «Պատիվ ունեմ» ծրագրից, բանակ զորակոչվելիս ի՞նչ պայմաններ են ստեղծվում նրանց գիտելիքն առավել արդյունավետ կիրառելու համար։ Թե՞ նրանք ծառայելու են որպես շարքային զինծառայողներ:

Եթե շրջանավարտը չի ցանկանում օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրից, ապա զորակոչվում է սկզբում ուսումնական վաշտ, ապա շարունակում ծառայությունը որպես կրսեր սերժանտ:

 

  1. Եթե «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» ծրագրերից օգտվող զինծառայողը սահմանամերձ գոտուց է, կարո՞ղ է իր բնակավայրին մոտ դիրքերում ծառայել։

Առայժմ նման մեխանիզմ չկա: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից օգտվող զինակոչիկների ծառայության վայրը որոշվելու է վիճակահանությամբ: Դրանք լինելու են առանձին ստորաբաժանումներ:

 

  1. «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնող քաղաքացին առաջնագծում լարվածության ժամանակ, կունենա՞ իրավունք իր մեկշաբաթյա արձակուրդներին տուն վերադառնալու։ Որքա՞ն գումար կստանա մեկշաբաթյա արձակուրդներին մեկնելիս։

Մեկշաբաթյա արձակուրդի դրույթը կարող է փոփոխվել բացառապես պատերազմական դրության ժամանակ: Ինչ վերաբերվում է գումարի չափին՝ այդ հարցը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտերով ու նախարարի հրամանով, սակայն հետո:

 

  1. Ինչպիսի լուծում կստանա բնակարանային խնդիրն այն զինծառայողի, որը 10 տարի է հերթագրված է և 2 տարուց անցնելու է թոշակի, արդյոք վարկավորմա՞մբ։

Անգամ թոշակի անցնելուց հետո նա շարունակում է հերթագրված մնալ: Սակայն, եթե ցանկություն չունի սպասելու իր հերթին, կարող է օգտվել վարկավորման հնարավորությունից, ինչը, բնականաբար, կհանի նրան հերթագրումից: Եվ քանի տարի կծառայի կմնա այդ ծրագրի հովանու տակ, երբ դուրս եկավ ծառայությունից հիփոթեքի մնացած մասը մուծելու է ինքնուրույն:

 

  1. «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայող սպան կարո՞ղ է օգտվել սուբսիդավորվող հիփոթեքով բնակարան գնելու արտոնությունից։

Այո, եթե պարտավորվում է ծառայությունից դուրս գալու պարագայում ինքնուրույն մարել այն:

 

  1. Ե՞րբ են ուժի մեջ մտնելու «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։

2018 թ. ընթացքում դրանք լիովին կմտնեն ուժի մեջ:

 

  1. Կա՞ն այլ ծրագրեր, որոնք թույլ կտան մոտակա ժամանակ զորակոչվող ուսանողին իրականացնել մասնագիտական ծառայություն (և/կամ զբաղվել գիտությամբ)։

Այլ ծրագրեր, ինչպես և դրանց անհրաժեշտություն չկա: «Պատիվ ունեմ» ծրագիրը այս պահին լիովին թույլ է տալիս ուսանողին պայմանագրի կնքումից հետո ուսանել 4 տարի քաղաքացիական բուհում իր ընտրած մասնագիտությամբ, ապա ծառայություն անցնել որպես սպա՝ նշված վայրում: Իսկ վայրի ընտրությունը, բնականաբար, պատահական չի լինելու. դա լինելու է առաջնագիծը, իսկ ՌԱՊԿ համակարգում այո նա կարող է իր մասնագիտությամբ ծառայել, որպես գիտնական:

 

 

  1. Նախարարը նշել է, որ այն քաղաքացին, որը 4 տարի բակալավրատում սովորելուն զուգահեռ սպայական պատրաստություն անցնելով՝ աչքի է ընկել որպես լուրջ գիտնական, կարող է ծառայությունն անցնել ռազմարդյունաբերության ոլորտում։ Գիտության ո՞ր ճյուղերի ներկայացուցիչների համար է նախատեսված այս առաջարկը։ Ի՞նչ պայմաններ են առաջարկվում։

Բնականաբար դա առաջին հերթին վերաբերվում է բնագիտամաթեմատիկական գիտություններին, սակայն բանակում անհրաժեշտ են նաև հումանիտար ոլորտի մասնագետներ, ուստի կարելի է ասել, որ նախատեսված է բոլոր ոլորտների համար:

 

  1. Ուսանողն արդեն ընդունվել է անվճար՝ տարկետման իրավունքով, համակարգով և սովորում է առաջին կուրսում։ Նա բակալավրիատն ավարտելուց հետո՞ է զորակոչվելու:

Այո, եթե նա բուհ է ընդունվել մինչև նոր օրենքի ընդունումը և ունի տարկետման իրավունք, այն պահպանվելու է:

 

  1. Ներկայում անվճար՝ տարկետման իրավունքով, համակարգով բակալավիատում սովորող ուսանողը մագիստրատուրա ևս անվճար համակարգով ընդունվելու դեպքում կստանա՞ տարկետում, թե նրա վրա էլ է տարածվելու նոր օրենքը։

Ոչ, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բուհ ընդունված զինապարտները զորակոչվելու են:

 

Եվս երկու հարց ստացել էինք ավելի ուշ, փորձեցինք այդ հարցերի պատասխանները ևս ճշտել:

  1. Արդյոք Հայաստանում առկա բոլոր համալսարանների ուսանողները կարող են օգտվել այս ծրագրից։

Այո, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բուհերի ուսանողները:

 

  1. «Պատիվ ունեմ» ծրագրից օգտվելու համար կարևո՞ր է ինչ միավորներով է ուսանողը ընդունվել համալսարան։

Ավելի էական է ուսման ընթացքում ապահովվող աջադիմությունը։ Եթե քաղաքացին ընտրել է «Պատիվ ունեմ» ծրագիրը, ուսման ընթացքում որոշակի առաջադիմություն չապահովելու դեպքում, դադարացվում է ծրագրով ուսումնառությունը և նա զորակոչվում է բանակ։

 

Ծրագրերը ներկայացվել են 2017 թվականի ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:

 

11 responses to “ՀՀ ՊՆ-ի պատասխանները «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ ընթերցողների հարցերին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *